ԶՐՈՒՅՑ 62. ԿԵՐ, ԲԱՅՑ ԿԵՐՂԻ ՉՈՒՏԵՍ Բոլորս էլ գիտենք, թե ինչ է նշանակում կեր բառըՙ «կերակուր, ուտելիք»: Տեսնենք, թե ինչ հետաքրքրական բառեր ենք ունեցել հնում այս արմատով, որոնք ժամանակի ընթացքում փոխարինվել են այլ բառերով կամ մոռացության մատնվել: Շատ ուշագրավ բառ կաՙ այլոցկերություն ՙ «ուրիշի ինչքը, ապրուստը ուտելը»: Կարծում ենք, այս բառը այժմյան հարաբերությունների լավ արտահայտիչներից կլիներ: Գործածվել են նաեւ հետեւյալ բառերըՙ կերեւուրաց ՙ «ապերախտ, ուտող-ուրացող», կերղի ՙ «կաշառք», այսինքնՙ կողմնակցության համար տրված վարձք: Ամեն ինչ կապվում է ուտելու հետՙ այլոցկերություն, կերեւուրաց, կերղի : Միայն այս բառերով բնորոշվող որքա՜ն մարդիկ կան, որոնց համար բնորոշ է նաեւ անասնակեր ժամանակակից բառը: Այսօր շատ է խոսվում կոռուպցիայի դեմ պայքարի անհրաժեշտության մասին: Իսկ կոռուպցիա այլանդակ բառը դուրս կգա մեր լեզվից այն ժամանակ, երբ նրա արտահայտած այլանդակ հարաբերությունները դուրս կգան մեր կյանքից: Կոռուպցիա -ի հայերեն համարժեք կարող են լինել կաշառախտ -ը, շահածախվածություն -ը, կերղի -ն, կաշառահարություն -ը, կաշառամոլություն -ը, կաշառագարություն -ը, կաշառակուրություն -ը: Ինչքան լավ են հնչումՙ (բայց միայնՙ հնչում) կաշառագարված պաշտոնյա, կաշառահար պաշտոնյա, շահածախված պաշտոնյա, կաշառախտված պաշտոնյա, կաշառակուր պաշտոնյա, կերղված պաշտոնյա, կերղվել, կերղված : Թե չէՙ կոռումպացված . շատ պաշտոնյաների թվում է, թե դա նույնիսկ լավ բան է, չէ՞ որ օտար բառով է հնչում ու այլ զուգորդություններ առաջացնում: Կեր -ը մեզ ուղեկցել է շատ վաղուց: Այնքան վաղուց, որ գավառներն ու թեմերն անվանել են կերվածք , որը նույն կեր արմատից է: Որեւէ գյուղ կամ շրջան իշխանության կողմից տրվում էր աշխարհական կամ հոգեւորական այս կամ այն անձինՙ կառավարելու եւ, միաժամանակ, նրա տուրքերով ապրելու: Այսինքնՙ ուտել բայը ստացել է նաեւ «կառավարել, իշխել, հովվել» իմաստները: Կերվածք բառն այժմ ինչքա՜ն բնորոշ է մեր մարզ բառին: (Այս մարզը տալիս եմ. գնա, կե՛ր:) Այս արմատի երկրորդ ձեւն է կուր ՙ «անասունների ուտելիք» իմաստով: Այստեղից էլՙ կերակուր, կերակրել: Կուր արմատով կան բավականին հետաքրքրական բառեր. գետակուր ՙ «գետի բաժին դարձած», սատանայակուր ՙ «սատանայի բաժին դարձած» եւ այլն: Կեր բառը բնիկ հայերեն բառ է: Նրա մյուս ձեւն է կոր -ը, որից էլ կրկնությամբՙ կոկորդ «ըմպանին կից մսուտ պարկը»: Ովքեր «ուտելու» հնարավորություն ունեն, պետք է հիշեն, որ հայոց լեզուն ունի կեր -ով կազմված այսպիսի արտահայտություններ. կերկոխ լինել ՙ «շատ ուտելուց հիվանդանալ, մահվան դուռը հասնել», կեր գնալ ՙ «զոհ դառնալ», կեր ընկնել ՙ «քաղցկեղով հիվանդանալ» եւ այլն: Այսինքնՙ ուտելը պաշտամունք չարժե դարձնել, թե չէ կերկոխ կլինեք: |