RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ


Տեղադրվել է` 2012-08-15 13:14:59 (GMT +04:00)

ԶՐՈՒՅՑ 73. ԾԵԾԵԼ, ԹԵ՞ ԳԱՆԱՀԱՐԵԼ

Եթե այսօր մի դատավոր ինչ-որ դեպք նկարագրելիս ասի, թե ամուսինը գանահարել է կնոջը, ապա ամուսինը կբողոքիՙ կասի, որ ինքը այդպիսի բան չի արել, ինքը ուղղակի ծեծել է:

Այո՛, գանահարել, գանակոծել, գանել բառերն այսօր գրեթե անհասկանալի են եւ հնացած: Դա է պատճառը, որ ամուսնուն թվացել է, թե գանահարելն այլ բան է, ծեծելըՙ այլ: Իսկ այսօրվա իմաստով ծեծել գաղափարն արտահայտելու համար հայերենն ունի բազմաթիվ բառեր. ծեծել, թակել, տփել, գանել, փայտել, դնքստել, քոթակել, մտրակահարել, ճիպոտահարել, կռփահարել, ձաղկել եւ այլն: Հոմանիշների բառարանը տալիս է մոտ 130 բառ եւբառակապակցություն:

Տեսնենք, թե այս բառերից մի քանիսը ինչ ծագում եւ ինչ պատմություն ունեն եւ, ի վերջո, ամուսինը գանահարե՞լ է, թե՞ ծեծել:

Ծեծ -ը բնիկ հայերեն բառ է եւ նշանակում է «մարմնին հասցվող ցավագին հարվածներ, ինչպես նաեւ օրանը կալսելը, այսինքնՙ ծեծելով հացահատիկն առանձնացնելը հարդից»:

Ի՞նչ կապ կա հացահատիկը կալսելու եւ մարդ ծեծելու միջեւ: Նշենք, որ ծեծել սկզբնապես նշանակել է հենց օրանը կալսելը: Հիշենք «Սանդ ծեծողին դըխկ ասող» հոյակապ առածը: Հացահատիկը ծեծելու գաղափարից հետագայում փոխաբերական իմաստով առաջացել է այսօրվա առաջին նշանակությունըՙ «մարմնին հարվածելը»: Ունենք մի հին եւ ընտիր բառՙ ծանծ , որ նշանակում է «հացահատիկի կեղեւ, խզուզ, հարդ», եւ փաստորեն կապվում է կալը ծեծելու գործողության հետ:

Նույնն է տփել բարբառային բառը, որն այսօր առաջին հերթին նշանակում է «ծեծել»: Սա եւս առաջացել է գյուղատնտեսական գաղափար արտահայտող տափել, տափանել բնիկ հայերեն բառից, որը նշանակում է «հարվածելով տափակացնել, հարթեցնել, հատկապեսՙ ցանած արտի երեսը տափանով հարթել»: Հետագայում դարձյալ փոխաբերական իմաստ է ձեռք բերել եւ նշանակել է «ծեծել»:

Տափել բառը նշանակում է նաեւ «թաքնվել»: Սա եւս բացատրվում է բառի «տափականալ, գետնին հավասարվել, հարթվել» իմաստով: Հիշենք տափկնոցի խաղը, որը նույն պահմտոցին է:

Թակել բառի արմատն է թակ -ը (ծայրը կունտ գլխով փայտՙ ցից խփելու, ձավար, բուրդ, լվացք ծեծելու եւ այլ գործողություններ կատարելու համար): Դարձյալ բնիկ հայերեն բառ է: Դարձյալ հետագայում փոխաբերաբար ձեռք է բերել «ծեծել» իմաստը:

Գան բառը այս շարքում միակ բառն է, որ ստեղծվել է հենց այսօրվա ծեծ իմաստով: Բնիկ հայերեն բառ է, որից ունենք գանել, գանակոծել, գանահարել եւ այլն: Սրանք այսօրվա մեր բանավոր խոսքից գրեթե դուրս են մղվել: Իսկ ծեծել, թակել, տափել, տփել բառերն զբաղեցրել են նրանց տեղը:

Այսինքնՙ բառերի փոխաբերական իմաստներն ավելի ուժեղ են գտնվել, քանի որ ամեն օր աչքի առաջ են եղել (հողը տափանել, ձավարը ծեծել, հացահատիկը ծեծել, ցիցը թակել եւ այլն), եւ դուրս են մղել ավելի վերացական բառը:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ