RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ


Տեղադրվել է` 2012-08-15 13:14:59 (GMT +04:00)

ԶՐՈՒՅՑ 31. ԾՆԿԻ ԲԵՐԵԼՙ ԸՆԿՃԵԼ

Գրաբարից մեզ ժառանգություն մնացած բազմաթիվ բարդ բառեր լեզվաբանական հատուկ կրթություն չստացած մարդկանց համար այլեւս բարդ բառեր չեն ընկալվում, մանավանդ եթե նրանց մեջ ինչ-որ հնչյունօրինաչափորեն արդեն «մաշվել» է: Նման բառերի շարքում է հայերենի ընկճել բառը, որն ընկալվում է «ենթարկել, հաղթել, հնազանդեցնել, զսպել, ծնկի բերել» նշանակություններով: Ընկճել բառը կազմված է ընդ եւ գուճ եզրերից: Ընդ -ը բազմիմաստ նախադրություն է, որ հայերեն շատ բառերի սկզբում է կցվում, ինչպես օրինակ` ընդամենը, ընդհանուր, ընդգրկել եւ այլն, իսկ գուճ նշանակում է «ծունկ»: Օրինակ, « ի գուճս իջեալ աղաչէին» (աղաչում էին ծնկաչոք), ի գուճս հարկանել (ծնկի բերել): Ընդգճել -ը աստիճանաբար սկսեց հնչել ընդճել եւ ընկճել , քանի որ երկու «պայթական» ձայնեղ հնչյուններ դ -ն եւ գ -ն միմյանց մոտ հնչելը բավական դժվար է: Հիմա շատերը բառը սխալմամբ հնչեցնում են ընկճըված , փոխանակՙ ընկըճված : Բառ իստուգաբանությունը ճշգրիտ ցույց է տալիս, թե որտեղ պետք է դրվի ը հնչյունը. իհարկեՙ գուճ -ի սղված ու հնչյունի տեղը, այսինքնՙ ընկըճվել : Եվ այսպես, ի գուճս հարկանել , կամ ընկճել միեւնույնն է թե` ծնկաչոք անել կամ ծնկի բերել ՙ մեր օրերի խոսակցական արտահայտություններով: Ի դեպ, չենք նկատում, որ երբ մեր խոսակցական լեզվում եւ գրական լեզվում գործ ենք ածում ծնկաչոք բառը, ապա գործ ենք ածում ծունկ բառը երկու անգամ, քանի որ թուրքերեն չոք -ը նշանակում է «ծունկ»: Այնպես որ ծնկաչոք բառի փոխարեն ճիշտ կլինի ասել ծնկած, ծնկի եկած :

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ