RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ


Տեղադրվել է` 2012-08-15 13:14:59 (GMT +04:00)

ԶՐՈՒՅՑ 35. ՏԵԳԵՐԿԻՆՆ ԱՍՈՒՄ Էՙ ՆԵՐԻ՛Ր, ՆԵՐ

Այս զրույցում կպարզենք, թե ինչ է ներ -ը եւ ինչու կռվեցին երկու տեգրակին (հիշենք հայտնի երգը):

Ի՞նչ է նշանակում այս մոռացված բառը: Դիմենք գրքերի օգնությանը.

«ՆԵՐ - կնոջ ամուսնու եղբոր կինը, կամ ամուսնու մյուս կինը (Հր. Աճառյան, «Արմատական բառարան»):

ՆԵՐ - տայգեր կինը (Գր. Ղափանցյան, «Հայոց լեզվի պատմություն»):

ՆԵՐ (նէր) - հարսնակից կանայք երկուց եղբարց, կամ միեւնույն առն ի հին օրենս («Նոր բառգիրք հայկազեան լեզուի»):

ՆԵՐ - մի եղբոր կինը մյուս եղբոր կնոջ նկատմամբ (Ստ. Մալխասյանց, «Հայերեն բացատրական բառարան»):

ՆԵՐ - տեգրակին, եղբայրների կանայք միմյանց նկատմամբ (Էդ. Աղայան, «Արդի հայերենի բացատրական բառարան»)»:

Ինչպես տեսնում ենք, մեր գրեթե բոլոր բառարաններում կա այս բառը, որը դուրս է մղվել բանավոր խոսքից, տեղը զիջելով տագերկին, տեգրակին ձեւերին:

Հր. Աճառյանը այս բառը ներկայացնում է որպես բնիկ հայերեն բառ, որն առաջացել է հնդեվրոպական նախալեզվի ienter ձեւից, որիցՙ ինեյեր - նեյեր - նեյր - նէր :

Գր. Ղափանցյանը, մանրամասն ներկայացնելով հնագույն սեպագիր վկայությունները, պնդում է, որ ոչ մի կասկած չկա, որ խուռիտական nera բառը նշանակում է երկու եղբայրների կանայք միմյանց նկատմամբ, ինչպես հայերեն նույնահունչ եւ նույնանիշ ներ բառը: Նա նշում է, որ այս ստուգաբանությամբ միանգամայն ջուրն է ընկնում հայոց այդ բառի բռնի կապակցությունըՙ հնդեվրոպական վերը նշված ստուգաբանությունը: Ըստ Գ. Ջահուկյանիՙ հնդեվրոպական ընտանիքը բնութագրվում է նրանով, որ ամուսնացած զույգը դեռեւս ինքնուրույնություն չունի: Ավելի ամուր է ամուսնական կապը համայնքի, քան իրար հետ: Այս է պատճառը, որ չկան «ամուսնություն» եւ «կին-ամուսին» հասկացությունների հատուկ անվանումներ: Կինը բերվում է դրսիցՙ այլ համայնքից, ուստի շատ են կնոջ այր-ամուսնու ազգականներին նշանակող տերմիններըՙ սկեսուր, տալ, տայգր, տագերկինՙ ներ , եւ գրեթե չկան կին-ամուսնու ազգականներին նշանակող ընդհանուր տերմիններ: Ինչ վերաբերում է ներ բառի ծագմանը, ապա Գ. Ջահուկյանը եւս Հր. Աճառյանի պես մերժում է դրա խուռիտական ծագումը եւ ընդունում հնդեվրոպականը:

Այնուամենայնիվ, հետաքրքրականն այն է, որ այս կարճ ու բարեհունչ բառը դուրս է մղվել տագերկին, տեգերակին ավելի երկար բառերի կողմից:

Դե, եթե խոշոր լեզվաբաններն են իրար հետ վիճում ներ բառի կապակցությամբ, ապա տեգերկանայք, պարզ է, կկռվեն:

Երգում պարզվում է, որ մեկը մյուսին ասել էր ներ : Նա էլ պատասխանել էրՙ ները դու ես: Եթե բառի իմաստն իմանային, չէին կռվի եւ երգն էլ, երեւի, կհնչերՙհամերաշխ են երկու ներ:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ