RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ


Տեղադրվել է` 2012-08-15 13:15:00 (GMT +04:00)

ԶՐՈՒՅՑ 97. ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՍՏՈՒԳԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

Ժողովրդական ստուգաբանության ենթարկվում են լեզվի մեջ նորամուտ, անծանոթ, օտար, հազվագյուտ եւ լավ չհասկացված բառեր, որոնք ժողովուրդը վերածում է ծանոթի, կապելով արդեն լեզվի մեջ սովորական, ընտելացած մի ձեւի, այն պայմանով, որ երկու բառերի միջեւ ոչ միայն ձայնական, այլեւ իմաստային որոշ նմանություն լինի: Օրինակՙ Նորատուս հայերեն անվանումը թուրքերը դարձրել են Նորադուզ «հարթ», Արագածըՙ Ալագյոզ «խաժ աչքերով», Օձունըՙ Ուզունլար «երկարներ», Ճորոխըՙ Չյուրուքսա «փտած ջուր», Տավուշըՙ Թովուզ «սիրամարգ», Կապանըՙ Ղափան «կշեռք» եւ այլն: Շատ զարմանալի է Սուրմալու տեղանվանման անցած ճանապարհը. հին անունն է Սուրբ Մարի , երկու ր -երից մեկը դարձել է լ ՙ Սուրմալի , որից էլ թուրքերը ստացել են Սուրմալու «աչքին ծարիր (սուրմա) քսած»:

Անդրադառնանք մի քանի հետաքրքրաշարժ բառերի եւս: Նշենք, որ օրինակները վերցված են Հր. Աճառյանի «Լիակատար քերականություն հայոց լեզվիՙ համեմատությամբ 562 լեզուների» աշխատության 6-րդ հատորից: Այո՛, աշխարհի 562 լեզվի հետ համեմատելով, կարելի է ստեղծել լիակատա րքերականություն:

Առաջինը ռահաթ լոխում բառակապակցությունն է: Տեսնենք, թե սա ինչ է նշանակում եւ ինչպես է մտել մեր լեզվի մեջ: Սա զուտ արաբերեն է եւ նշանակում է «հանգիստ կոկորդի»: Սակայն ժողովուրդը հուլքում «կոկորդ» արաբերեն բառը դարձրել է լոխում , թուրքերենՙ «պատառ»: Իսկ հայ որոշ ուսումնականներ ժողովրդական այս ձեւի համաձայն թարգմանել են «հանգստապատառ»: Ահա թե ինչի են հանգեցնում չիմացությունը եւ ամեն ինչ թարգմանելու կիրքը:

Ժողովրդական ստուգաբանության մի այլ ձեւ են ծաղրով կամ կատակով կազմված բառերը: Օրինակ, երբ Ֆրանսիայում առաջին անգամ նորաձեւություն դարձավ կանանց ձեռքի ցանցակերպ պայուսակը, ապա, ըստ կազմության, կոչվեց ռետիկյուլե, որ է «ցանցիկ»: Ժողովուրդը ծաղրի ենթարկեց այդ պայուսակը եւ կոչեց ռիդիկյուլե «ծիծաղելի»: Եվ այս բառը մնաց իբրեւ բուն պայուսակի անուն: Այս ձեւից փոխ առան ռուսները редикюль , որից էլ անցավ հայերենինՙ ռեդիկյուլ (ռիդիկուլ):

Հիմա շատերը գիտեն շեղագիր , համակարգիչներումՙ իտալիկ կոչված տառատեսակը: Ինչպե՞ս է առաջացել շեղագիրը : Սա գրի տեսակ է եղել, որ գրվել է շյուղով կամ բարակ ծայրով, դրա համար էլ կոչվել է շյուղագիր , որը հետո դարձել է շեղագիր , իբր թե շեղ դիրքով գրված:

Երեւանի բարբառում ասվում է լոկ ջուր , այսինքնՙ «միայն ջուր», որակելու համար անժուր մի բան: Կրկնությամբ նույն բարբառով ասվում է լոկ-լոկ ջուր : Հետագայում, լոկ անհայտացած բառը կապելով լողալ բառի հետ, նույն իմաստի համար ասում են լողլող ջուր :

Այժմ էլ կան լեզվի հարցերով զբաղվող որոշ «գիտուններ», որոնք բառերի պատահական նմանությունները, արհեստական ու տգետ բաժանումները հիմք ընդունելով, զանազան ծիծաղելի ու անգետ «ստուգաբանություններ» են կատարում եւ նույնիսկ գրքեր գրում, որոնց, իհարկե, պետք չէ լուրջ վերաբերվել:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ