ԶՐՈՒՅՑ 27. ԹՈ՞ՒՇ, ԹԵ՞ ԱՅՏ Ինչպես գիտենք, թուշ նշանակում է «այտ» եւ փոխաբերական առումովՙ «առարկայի փափուկ եւ ուռուցիկ կողմ»: Թուշ -ը լայն տարածում ստացած բարբառային, ժողովրդախոսակցական մի բառ է, որին ամենուրեք գրեթե դուրս է մղել այտ բառը: Տեսնենք, արդյոք թուշ -ը նույն իրավունքները չունի՞, նույնքան հին եւ ընտիր բառ չէ՞, ինչպես այտ -ը: Թուշ բառի համար «Արմատական բառարանը» որեւէ ստուգաբանություն չի տալիս: Իսկ այտ բառի համար Հր. Աճառյանը գրում է, որ առաջացել է հնդեվրոպական նախալեզվի ուռչել արմատից: Բուն եւ նախնական նշանակությունն է «ուռուցք»: Դա են վկայում այտնուլ (ուռչել) եւ այտուց (ուռուցք) բառերը: Էդ. Աղայանը ցույց է տալիս, որ թուշ բառը եւս այտ բառի նման ծագել է հնդեվրոպական ուռչել, ուռուցք բառից եւ բնիկ հայերեն բառ է: Որ թուշ բառը կապված է «ուռուցիկություն, ուռչել» իմաստի հետ, լավագույնս ցույց է տալիս այն փաստը, որ հայերենում երաստանի փափուկ եւ ուռուցիկ մասերը եւս կոչվում են թուշ : Իսկ ի՞նչ է երաստան -ը: Սա եւս բնիկ հայերեն բառ է եւ նշանակում է «նստուկ, նստատեղ»: Հետաքրքիր է, որ թուշ, այտ բառերի կողքին նույն իմաստով հայերենում կա նաեւ թուռ բառը: Հնդեվրոպական արմատի «ուռչել» նախնական իմաստից բազմաթիվ աճականներով առաջացել են բազմազան նոր իմաստներ տարբեր լեզուներում: Օրինակ, ռուսերենումՙ тылՙ «հետեւի կողմը, թիկունք», толстыйՙ «հաստ» եւ այլն: Այնպես որ, թուշ -ը հայոց բառապաշարի լիիրավ անդամ է եւ արժանի է պաչելու: |