ԶՐՈՒՅՑ 113. «ԱՆՑ» ԲԱՌԻ ԱՆՑՈՒԴԱՐՁԸ Հերթով գալիս, անց ենք կենում Էս անցավոր աշխարհից: Հովհ. Թումանյան
Դիտարկենք մի երկխոսություն. - Անցո՛րդ, դու հանցավոր ուղիով ես ընթանում: - Զառանցանք է դաՙ առանց առանցքային ապացույցի: Գործածված անց (կենալ), անցավոր, անցորդ, հանցավոր, ընթանալ, զառանցանք, առանց, առանցքային բառերը, ինչպես կռահում եք, նույն արմատից են սերում: Դա հայերենի շատ արգասավոր անց արմատն է: Հր. Աճառյանը «Արմատական բառարանում» մանրամասն ներկայացնում է այս արմատի բոլոր իմաստներն ու ստուգաբանությունները: Մերժելով եղած բոլոր ստուգաբանություններըՙ նա որեւէ մեկնաբանություն չի տալիս բառի ծագման մասին: Էդ. Աղայանը իր «Բառակազմական եւ ստուգաբանական հետազոտություններ» գրքում ցույց է տալիս, որ բառը ծագում է հնդեվրոպական նախալեզվի sent «ուղղվել, դիմել, գնալ, ընթանալ, ճանապարհ» արմատից: Նույն արմատից է ծագում նաեւ հայերեն ընթանալ բառի ընթ արմատը: Այսինքնՙ հայերեն անցնել եւ ընթանալ բառերը նույնն են իրենց ծագումով: Անց արմատով ու յ , զ , առ նախդիրներով եւ զանազան նախածանցներով ու վերջածանցներովկազմվել են բազմաթիվՙ առաջին հայացքից իրար հետ կապ չունեցող, բառեր. անցք, առանցք, զանցանք, զառանցանք, յանցանք (հանցանք), անանց, առանց, գերազանց, յանցաւոր (հանցավոր), զառանցել, առանցիկ (առասպելական) եւ այլն: Տեսնենք, թե իմաստային ինչ նմանություն եւ տարբերություն ունեն զանցանք եւ հանցանք բառերը: Զանցանք «պարտադիր կարգին կամ օրենքին հակասող արարք, թեթեւ հանցանք»: Զանցառու «անփույթ, անուշադիր, պարտականությունների մեջ թերացող: Հանցանք - քրեական օրենքով պատժելի արարք կամ անգործություն»: Տեսնում ենք, թե անգամ մեկ տառն ինչ ճակատագրական կարող է լինել թե՛ բառի, թե՛ մարդու համար, նայածՙ նա զանցանք է կատարել, թե հանցանք: Հետաքրքրական բառ է առանցել -ը, որ նշանակում է «բանդագուշել, զառանցել», իսկ զառանցել -ը, բացի «ցնդաբանել» իմաստից, ունեցել է նաեւ «սաստիկ ծերանալ» իմաստը, այսինքնՙ ժամանակն անցել է: Անց -ից անմիջապես կարող ենք անցնել անցք -ին: Անցք «1. Ճեղք, արանք, ծակ: 2. Անցնելու տեղ: 3. Դեպք, պատահար»: Անցք -ի «դեպք, պատահար» իմաստն է, որ գալիս է շատ հնուց ( բազմաթիվ անցքեր տեղի ունեցան այդ տարիներին ): Անցք -ի «ճանապարհ» իմաստից առ նախդիրով ստեղծվել է առանցք բառը: Նշանակում է «այն ձողը, որին ագուցվում է անիվը կամ որեւէ պտտվող մաս», ինչպես նաեւ «երեւակայական ուղիղ գիծ, որն անցնում է Երկրի կենտրոնով, եւ որի շուրջը պտտվում է Երկիրը»: Տեսնում եք, թե ինչքան առանցքային բառ է անց -ը, եւ որքան բառեր են պտտվում նրա շուրջը: Շատ ուշագրավ բառ է անց արմատով անցուրդ -ը: Սա նախապես նշանակել է «շատ ճանապարհների անցման, խաչման կետ, խաչմերուկ»: Այժմ նշանակում է «փոխադրանու անցած տարածությունը եւ նրաՙ շարժման մեջ գտնվելը»: Մեր բարբառներում էլ անց -ը հետաքրքրական ձեւեր է ընդունում. հընցնել, օնցնիլ, ասնիլ, ըսնիլ եւ այլն: Ահա թե ինչ «ընտանիքի տեր» է անց -ը, որն այժմ ընդամենը մի համեստ կապ է դարձելՙ հիսունն անց, հիսուն տարի անց : Իսկ անցք -ի «անցում, ընթացք» իմաստները համարվում են հնացած: |