RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ


Տեղադրվել է` 2012-08-15 13:14:59 (GMT +04:00)

ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ

Վաչագան Սարգսյան, 2005

«Հայերենը ափի մեջ» , 2005 -ին «9-րդ հրաշալիք» հրատարկչության կողմից տպագրած Վաչագան Սարգսյանի հեղինակած գիրքը, որը վերաբերում է հայերենի ստուգաբանությանը : Գիրքը նվիրված է Հայոց գրերի գյուտի 1600-ամյակին: Խմբագիր` Հրանտ Վարդանյան :

Գրքի հանձնարարականը

Գիրքը հետաքրքրաշարժ ստուգաբանությունների, լեզվական նրբությունների ու զարմանալի իրողությունների շտեմարան է, որտեղ ներկայացված է հայերենի պերճաշուք գաղտնարանների, հայերեն բառերի խորախորհուրդ աշխարհի մասին 125 զրույց: Այս զրույցների նպատակն է մեր պատանիներին ու երիտասարդներին ինչ-որ չափով հաղորդակից դարձնել հայերենի զարմանահրաշ ներկայությանըՙ անցյալում եւ ապագայում միաժամանակ: Սեր արթնացնել, խլրտում առաջացնել պարմանուհիների ու պարմանիների սրտերում արարչական լեզվի նկատմամբ. ահա գրքի գերագույն նպատակը:

Գրքի յուրաքանչյուր էջի վերեւի մասում տրված են օտար եւ հայ մեծերի, նշանավոր եւ ճանաչված մարդկանց շուրջ 300 ասույթներ հայերենի մասին:

Գիրքը կհետաքրքրի դպրոցականին եւ ուսանողին, հայոց լեզվի ուսուցչին ու դասախոսին եւ, ընդհանրապես, լեզվի հարցերով հետաքրքրվող ընթերցողներին:

Երկու խոսք

Սիրելի՛ բարեկամ, այս գիրքը գրվել է երկար ու ձիգ տասը տարիների ընթացքում: Գրվել է, որովհետեւ ինձ միշտ զարմացրել ու հիացրել է հայոց լեզուն, ոգեւորել եւ հույս տվել տրտմալի օրերին: Աստվածային մի լույս կա մեր լեզվի մեջ, որն զգում եմ ամբողջ էությամբ, զգում եմ ֆիզիկապես: Անվերջ բերկրանք եմ ապրել ու սքանչացել հայոց լեզվի ներդաշնակությամբ, նրա հինավուրց շնչով ու ապագան իր մեջ պահած զորեղ երիտասարդությամբ:

Ինձ թվում էՙ հայերենը լեզուների լեզուն է, արարչական մի պարգեւ հայ ժողովրդին: Հայերենը անցյալում է եւ ապագայում միաժամանակ: Հայերենը սերն էՙ կատարյալ, հրապուրող անսահման եւ ժամանակի քայքայմանը անենթակա: Հայերենը խաչվել է հայի հետ, զոհաբերվել, եղծվել, բայց միշտ արեւի նման դարձյալ ծագել է մեր հոգիների վրա մայրական գորովով ու ներողամտությամբ նայել իր մոլորված որդիներին: Հայերենի մի բառի մեջ հազար ներում կա: Այդպես է եղել երեկ, այդպես է այսօր եւ այդպես կլինի վաղը: Բայց, մեկ է, մենք տալիս ենք ու չենք սպառվում, այրվում ենք ու չենք վերջանում, լույս ենք դառնում, երբեմն` կայծակ. վկաՙ Սասունցի Դավիթը:

Սիրելի՛ պարմանիներ եւ պարմանուհիներ, հազարամյակների ընթացքում մենք կրթել ենք մեր շրջապատի ազգերին, ինչպես նաեւ օգտվել նրանց ստեղծածից, այնպես որ մեր լեզուն ոչ միայն մերն է, այլեւ ամբողջ աշխարհինը: Մեր լեզվի միջոցով շատ շատերն են վերագտնում իրենց կորցրածը, վերականգնում գրեթե անվերականգնելի իրողություններ, խորանում պատմության ծալքերում: Զարմանալի է, թե ինչքան աներեւույթ խորություններ կան բառերի ներսում, ինչքան գրավիչ է բառի վրայից թզենու տերեւը վերցնելը եւ էությունը բացելը: Այս գրքում փորձ է արվել հետաքրքրաշարժ ու հանրամատչելի ձեւով ներկայացնել հայերենի պերճաշուք գաղտնարանների մի փոքրիկ մասը, ընթերցողին ցույց տալ, թե որքան խորախորհուրդ է հայոց բառերի աշխարհը:

Զրույցների ընթացքում կբացահայտենք այդ բառաշխարհներից մի քանիսը, կտեսնենք, կհիանանք, կզարմանանք այդ կախարդական աշխարհներով, կգնանք մինչեւ լեզվի ակունքները, կտեսնենք, թե ինչպես է առաջացել այս կամ այն բառը, որ լեզուներին ենք մենք բառեր տվել եւ որ լեզուներից փոխառել, կտեսնենք, թե ինչ խորքեր ունի հայոց յուրաքանչյուր բառ. պետք է պարզապես բացել նրա թերթերը եւ տեսնել նրա ներսում բաբախող, դարերի խորքից եկող լույսը:

Մենք ամեն օր հարյուրավոր, եթե չասենքՙ հազարավոր, բառեր ենք գործածում, օգտվում նրանցից ու շատ հաճախ չենք էլ իմանում նրանց տոհմաբանությունը, չգիտենք նրանց ծագումը, չենք հետաքրքրվումՙ «ով ում բարեկամն է»: Եվ դա բնական է: Ի՞նչ կարիք կա հիշելու, թե այսօրվա մեր լեզվում ամուր նստած այս կամ այն բառը որտեղից է եկել, ինչպես է ստուգաբանվում: Բայց սա առաջին, սովորական հայացքի դեպքում: Իսկ երբ որոշ չափով խորանում ենք բառերի ստուգաբանության մեջ, պարզում նրանց ծագումն ու հարազատությունը այլ բառերին, դրանք դառնում են ավելի հետաքրքրահարույց, ավելի իմաստալի ու, որքան էլ զարմանալի է, ավելի սիրելի: Նրանք դառնում են ժամանակի յուրօրինակ մեքենաներ, որոնք մեզ դարերով ու հազարամյակներով հետ են տանում, հասցնում նախապատմական ժամանակներ, ցույց տալիս այն ժամանակվա մարդկանց փոխհարաբերությունները, ազգերի շփումներն ու առնչությունները: Չէ՞ որ լեզուն է կապում իրար անցյալը, ներկան ու ապագան, չէ՞ որ լեզուն է ազգի գոյության փաստացի վկայությունը. կա լեզուՙ կա ազգը, չկա լեզուՙ չկա ազգը:

Բառի ծագումն ու ստուգաբանությունը սոսկ լեզվաբանական հետաքրքրություն չեն ներկայացնում: Իմանալով բառերի կենսագրությունըՙ իմանում ես, թե ինչպես են մտածել քո նախնիները, պատկերավոր մտածողության ինչ արդյունք է այս կամ այն բառը: Այդ ամենի մեջ խորհրդավոր եւ սիրելի մի բան կա:

Այս զրույցների նպատակն է այդ ամենին մեր պատանիներին ու երիտասարդներին ինչ-որ չափով հաղորդակից դարձնելը: Չէ՞ որ սիրում ես միայն ճանաչածդ, իմացածդ: Մենք մեկ անգամ եւս կհամոզվենք, որ հայոց լեզուն, իրոք, շատ, աներեւակայելիորեն զարմանալի իրողություններ է պարունակում իր ծալքերում, որ, իրոք, ժամանակի մեքենա է լեզունՙ հազարամյակների խորքերը տանող անմար ջահ, եւ, միաժամանակ, ապագա տանող մշտնջենական լույս:

Գիրքը հետաքրքրաշարժ ստուգաբանությունների, լեզվական նրբությունների, զարմանալի իրողությունների շտեմարան է, որն անպայման կհետաքրքրի պատանի ընթերցողին, դպրոցականին ու ուսանողին, հայոց լեզվի ուսուցչին ու դասախոսին, եւ, ընդհանրապես, լեզվի հարցերով հետաքրքրվող ընթերցողներին: Չէ՞ որ յուրաքանչյուր զրույց մի հրապուրիչ պատմություն է, առասպելական մի իրողության, զարմանահրաշ մի եղելությանՙ հայերեն բառի մասին:

Սեր արթնացնել մեր լեզվի նկատմամբ պատանիների սրտումՙ ահա գրքի գերագույն նպատակը, լեզու, որի դեմ անզոր են եղել միլիոնավոր վայրենիների սվիններն ու յաթաղանները, լեզու, որը դարձել է մեր ազգի հայրենիքը, նրա հոգին է ու ինքնության հիմնասյունը:

Այս գիրքը գրելիս իմ մշտական ուղեկիցներն են եղել Հրաչյա Աճառյանը, Ղեւոնդ Ալիշանը, Մանուկ Աբեղյանը, Գրիգոր Ղափանցյանը, Էդուարդ Աղայանը ,Ստեփանոս Մալխասյանցը, Գեւորգ Ջահուկյանը, Ներսես Մկրտչյանը եւ ուրիշներ:

Գրքի յուրաքանչյուր էջի վերեւի մասում տրված են օտար եւ հայ մեծերի, նշանավոր եւ ճանաչված մարդկանց ասույթներ հայերենի մասին, որոնք հավաքել եմ տարիների ընթացքում: Ներկայացված է մոտ 160 հեղինակի շուրջ 300 ասույթՙ տրված ժամանակագրական կարգով: Այսպիսի համալիր ներկայացումը հայ իրականության մեջ առաջին անգամն է: Այդ ասույթներից յուրաքանչյուրը սրտի խոսք է, դիպուկ ու արտահայտիչ գնահատական, հակիրճ բնութագրություն մեր աստվածատուր լեզվին: Կարդում ես 1-ին դարից մինչեւ մեր օրերը հայերենին տրված 300 գնահատականները եւ 300 անգամ եւս համոզվում, որ լեզուն է մեր գոյատեւման երաշխիքը եւ փաստը, որ ունենք կատարյալ լեզու, որ մենք պիտի հասնենք մեր լեզվինՙ անընդհատ կատարելագործելով ինքներս մեզ:

Մեծարգո՛ ընթերցող, հուսով եմ, որ այս գիրքը հաճելի պահեր կպարգեւի քեզ եւ ավելի կմտերմացնի հայերենին:

Հեղինակ

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ