ԶՐՈՒՅՑ 110. ՍԵՐ ԵՎ ՍԷՐ Սեր -ը բնիկ հայերեն բառ է, նշանակում է «ցեղ, տոհմ, ծնունդ, սերունդ»: Սերել ` «սերունդով աճել, բազմանալ»: Այս սեր -ը եւ կաթի սեր -ը համանուններ են, եւ գրաբարում էլ գրվել են նույն ձեւով: Նույն արմատից է նաեւ սեռ բառը, որը հնում նշանակել է «ազգ, ցեղ, տոհմ», ինչպես նաեւ «քերականական սեռերըՙ ներգործական սեռ, կրավորական սեռ եւ չեզոք սեռ»: Նույն արմատից է նաեւ սերմ բառը, որ նշանակում է «բույսի կամ կենդանու սերմ, ցեղ, սերունդ»: Ռուսերեն семьа «ընտանիք» բառը նույնպես սերմ արմատից է: Այսինքն, բանից դուրս է գալիս, որ հայերս նվիրական զգացմունքը եւ կաթի սերը նույն բառով ենք գրել: Արդյո՞ք այդպես է: Պարզվում է, որ այդպես չէ: Զգացմունքը գրվել է է -ով` սէր : Նշանակել է «սեր, բարեկամություն, մտերմություն, սիրահարություն»: Բնիկ հայերեն բառ է: Հնդեվրոպական նախալեզվում նախնական նշանակությունն է «պառկել, հանգստանալ»: Այսինքնՙ գրաբարում ունեցել ենք երկուՙ սեր եւ սէր բառերը: Առաջին սեր-ը նշանակել է թե՛ «տոհմ, ցեղ, ծնունդ, սերունդ», թե՛ «կաթի սեր»: Իսկ զգացմունքիՙ սիրո համար առանձին բառ ենք ունեցելՙ սէր , որն, ըստ Մանուկ Աբեղյանի հնչել է մոտավորապես այսպեսՙ սեյր : Ուշագրավ է, որ սիրուն բառը ծագել է սէր արմատից: Զուր չէ, որ հայկական առածն ասում է, որ սրտով սիրածն է սիրուն: Սկզբնական «պառկել, հանգստանալ» իմաստից անցնելով «տուն, ընտանիք» իմաստին` հասնում է «սեր, սիրելի, սիրական, սիրասուն» նշանակություններին: Էլ որտեղ մարդ կարող է պառկել, հանգստանալ, եթե ոչ տանը: |