ԶՐՈՒՅՑ 40. ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ ԽՄԲԵՐ Զանազան կենդանիների խմբերը նշելու համար հայերենն ունի բազմաթիվ բառեր: Ընդ որում, շատ հաճախ, այդ բառերի նշանակած իմաստների սահմաններն այնքան էլ հստակ չեն: Օրինակ, վտառ նշանակել է ընդհանրապես անասունների խումբ, այժմՙ գերազանցապես վերաբերում է ձկներին: Սկսենք թռչունների խումբ նշանակող բառերից: Գիտենք, որ թռչունների խումբն ընդհանրապես կոչվում է երամ : Բայց անվանումները զանազանվել են նաեւ ըստ տեսակների. օրինակ, աղավնաբույլ ՙ «աղավնիների խումբ», խորդապար «կռունկների խումբ»: Թռչունների խումբ է նշանակել նաեւ տարմ բառը: Ուշագրավ է, որ այս տարմ բառից են նաեւ տորմ -ը, տորմիղ -ը, որոնցից էլՙ նավատորմ, նավատորմիղ , այսինքնՙ նավերի խումբ: Նոր բառեր են կերտվում հայերենում այս արմատովՙ օդատորմ, օդատորմիղ ( ավիացիա բառի փոխարեն): Թռչող միջատների խումբը անվանում ենք պարս. մեղվապարս, ճանճերի պարս, մոծակների պարս եւ այլն: Հետաքրքրական է, որ պարս բառի արմատը պար -ն է, որ նախապես նշանակել է «շուրջ, շրջան»: Հետո իմաստն ընդլայնվել է եւ նշանակել է «խումբ, հավաքույթ, աստղերի հույլը եւ նրանց ուղեծիրը»: Մեղվախումբը եւս կոչվել է պարս , որից էլ տարածվել է մյուս միջատների վրա: Ջրում ապրող կենդանիների խումբն անվանում ենք վտառ , հատկապեսՙ ձկների վտառ : Ասվում է նաեւ օձերի վտառ , նույնիսկՙ օձերամ : Ուշագրավ մի փաստ. վտառ է կոչվում նաեւ մարմնի անցքերի խումբըՙ աչքերը, ականջները, ռունգները, բերանը, ստինքները, պորտը, միզուկը, սրբանը (ընդամենըՙ 12 անցք): Քանի որ մարդը հիմնականում ցամաքային կենդանի է, ապա, բնականաբար, ցամաքում ապրող կենդանիների խմբերի անվանումներն ավելի բազմազան են: Չորքոտանի, խոշոր եղջերավոր անասունների խումբը մարդն անվանում է նախիր . թեեւ անարգաբար նախիր է անվանում նաեւ մարդկանց որոշակի խմբին: Խոզերի խումբն անվանում է բոլուկ կամ խոզերամակ : Նախիր բառի հոմանիշներից է նաեւ անդյա բառը, որը նշանակում է նաեւ «խոշոր եղջերավոր անասուն»: Աղվեսների խումբը կոչվում է ճահուկ , չնայած այս բառը գործածվել է նաեւ մարդկանց որոշակի խումբ նշելու համար: Ոչխարների, այծերի, ուլերի խումբը կոչվում է հոտ (դասական ուղղագրությամբՙ հօտ , որով տարբերվել է հոտ «բուրմունք» բառից): Նույնն է դասական ուղղագրությամբ գրված հօրան բառը, որով տարբերվել է հորան «հանքահոր» բառից: Ոչխարի հոտ է նաեւ խաշն -ը կամ խաշինք -ը, որից ունենք խաշնարած «հովիվ» բառը: Բնականաբար, ոչխարի համար ամենաշատ բառերը պետք է ունենայինք, որոնցից մեկն էլ օդի բառն է, հոգնակինՙ օդիք, որ դարձյալ նշանակում է «ոչխարների խումբ»: Գեղեցիկ բառ է օդենի բառը, որ նշանակում է «ոչխարի մորթուց պատրաստված»: Ձիերի խմբին ասում ենք երամակ : Կան երամվազ «սմբակավոր կենդանիների խումբ», ուղտերամակ, փղերամ բառերը: Հետաքրքրական բառ է ջոլիր -ը, որը դարձյալ «կենդանիների խումբ» է նշանակում, ընդ որումՙ նաեւ մարդկանց: Դրանից է ջոլորել բառը, որ նշանակում է «հավաքվել, խմբվել, իրար միանալ»: Գիշատիչների խմբի համար ունենք ոհմակ բառը, որը գրաբարում գրվել է վոհմակ : Հիմնականում նշանակում է «գայլերի, շների խումբ»: Թեպետ լինում են նաեւ մարդկային ոհմակներ: |