ԶՐՈՒՅՑ 26. ԼԵԶՈՒ Լեզուն մարդու բերանի խոռոչում գտնվող գործարան է, որն օգնում է սնունդը ծամելուն, կուլ տալուն եւ այլն: Լեզուն մարդու խոսելու կարեւորագույն գործարաններից մեկն է: Մարդկային լեզվի ծագման մասին կան զանազան վարկածներ, որոնք կարելի է բաժանել երկու խմբի: Առաջինը նա է, ըստ որի լեզուն մարդն ստացավ Արարչից միանգամայն պատրաստի վիճակում, երկրորդը նա է, ըստ որի մարդը ծամելու, կուլ տալու համար նախատեսված լեզուն, ինչպես նաեւ զանազան ճիչեր արձակելու համար նախատեսված կոկորդը հազարամյակների ընթացքում կատարելագործեց եւ դարձրեց խոսելու գործարան: Այս զրույցում կխոսենք լեզու բառի ծագման մասին: Բառը հնդեվրոպական նախալեզվից է գալիս, արմատն է լէզ , որից լէզել , հետագայումՙ լիզել : Քույր լեզուներում էլ կան նույն հնչողությամբ եւ նույն նշանակությամբ բառեր, օրինակՙ ռուսերեն лизать , պարսկերեն լիզտան եւ այլն: Լեզ արմատից են կազմված նաեւ առլեզ եւ հարալեզ բառերը: «Հայոց ամենից ավելի նշանավոր հրեշ կենդանին առլեզն է կամ հարալեզըՙ արալեզը, որի անունը գրված է քիչ-շատ տարբերությամբ, բայց յուրաքանչյուր գրածի համեմատ մեկնաբանված է: Առլեզը իբր առնող եւ լիզող, հարալեզըՙ իբր հար (միշտ) լիզող, արալեզըՙ Արային լիզող» , - գրում է Ղեւոնդ Ալիշանը: Իսկ Հրաչյա Աճառյանը գրում է. «Բառի բնիկ ձեւը անստույգ լինելովՙ ստուգաբանությունն էլ կասկածական է. արդի ձեւի տակ թվում է, թե լեզ ծագում է լիզել բայից, բայց կարող է լինել, որ դա ժողովրդական ստուգաբանության արդյունք լինի»: Կա մի հետաքրքրական բառՙ լպստել , որ նշանակում է. «1. լիզել, լիզելով ուտել, 2. լիզելով մաքրել, 3. փոխաբերաբարՙ ջերմագին ու շատ համբուրել, պաչպչել»: Այդ բառի մասին Գեւորգ Ջահուկյանը գրում է, որ խեթերենում էլ կա այդ նշանակությամբ բառՙ lip - «լիզել, լպստել (անհագաբար ուտել)»: Հիշենք մեր լափել -ը: «Իսկ մարմնի մասերի, մարմնական գործառույթների եւ պայմանների հնդեվրոպական ծագման բարբառային անվանումների մեջ հատկապես շատ ե նգռեհկաբանություններն ու անպատշաճ բառերը, մանկական ու պատկերավոր բառերը», - շարունակում է նա եւ որպես օրինակ բերում լպստել բառը: Լեզու բառով բազմաթիվ դարձվածներ են կազմվել դեռեւս անհիշելի ժամանակներից. լեզուն կծել ՙ «խոսելու միջոցին հանկարծ լռել, մի բան գլխի ընկնել, հիշել»: Հիշենքՙ մատը կծել -ը: Լեզուն կծողներն ավելի խորամանկ են. զարմանքը թաքցնելու համար նրանք ոչ թե մատն են կծում, որ բոլորը տեսնեն, այլ լեզուն, որ ոչ ոք չիմանա, որ ինքը հասկացավ, գլխի ընկավ: Լեզու հանել ՙ «1. խոսել սովորեցնել, 2. լեզուն բերանից հանելՙ աղաչելու նպատակով»: Այս նույնՙ միայն մարդուն վերաբերող, գործողությունը ժողովուրդը տարածում է նաեւ որոշ կենդանիների վրա, մասնավորապեսՙ օձերի: Երբ օձերը ջերմային ռեժիմը կարգավորելու, ջերմությամբ կողմնորոշվելու կամ մի այլ պատճառով լեզուն դուրս են հանում, ասում ենՙ աղաչում է, ձեռք մի տվեք: Լեզու դնել մեկի բերանը ՙ «մեկին ներշնչել, խրախուսել այսպես կամ այնպես խոսելու»: (Ինչպես Աստված Ադամի բերանը լեզու դրեց:): Այսքանով լեզվին փակ դնենք , այսինքնՙ էլ չխոսենք եւ հիշենք, որ թրի կտրածը կլավանա, լեզվի կտրածըՙ ոչ : |