RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ


Տեղադրվել է` 2012-08-15 13:14:59 (GMT +04:00)

ԶՐՈՒՅՑ 15. ԷԳՈՒՑ ԻՆՔՆԱՀՈՂ Է

Առաջին հայացքից թվում է, թե ոչ մի կապ չկա էգուց եւ ինքնահող բառերի միջեւ: Տեսնենքՙ իրո՞ք այդպես է, թե՞ ոչ:

Գիտենք, որ այ -ը շատ բարբառներում դառնում է է. օրինակՙ հայր - հէր, մայր - մէր, այծ - էծ եւՙ այգ - էգ : Այսինքնՙ էգուց -ի արմատը այգ -ն է, որ նշանակում է «առավոտ»: Այգ բառը բարբառներում չի պահպանվել, բայց կան այդ արմատի հնչյունափոխված ձեւերով կազմված մի շարք բառերՙ էգուց, էգլաց, էգվան, էքսի, էքսը եւ այլն:

Ինչպես գիտենք, էգուց նշանակում է «վաղը»: Եթե բառի մեջ վերականգնենք այգ արմատը, կստանանքՙ այգուց , որը նշանակել է «թաղման երկրորդ առավոտը հանգուցյալի վրա կատարված մի կարգ», որն այսօրվա խոսակցական լեզվում հանդես է գալիս ինքնահող սխալ կազմությամբ բառով: Իսկ ինչպե՞ս է առաջացել այգուց բառի «վաղը» նշանակությունը: Ց նախդիրով բառը դարձել է ցայգ ՙ «մինչեւ այգ, մինչեւ առավոտ եղած ժամանակամիջոցը», այսինքնՙ գիշեր: Այդպես է կազմված նաեւ ցերեկ բառըՙ «մինչեւ երեկո», այսինքնՙ առավոտից մինչեւ երեկո եղած ժամանակամիջոցը: Իսկ ե՞րբ է բացվում այգը. մյուս օրը, այսինքնՙ վաղը: Ի միջի այլոց, առավոտ եւ վաղ նշանակությունների նույնացումներ կան նաեւ այլ լեզուներում: Օրինակ, ռուսերեն завтра (վաղը) բառը նշանակում է նաեւ «առավոտ»ՙ «за утро»: Նույնը գերմաներենում. morgen նշանակում է եւ՛ «վաղը», եւ՛ «առավոտ»:

Այժմ տեսնենք, թե ինչ ճանապարհ է անցել այսօրվա մեր խոսակցական բառապաշարում լայն գործածություն ստացած ինքնահող բառը:

Մի հնագույն ծեսիՙ թաղման հաջորդ օրը ննջեցյալի գերեզմանի վրա կատարվող սգի համար ստեղծվել են այգալաց, այգուց, այգահող բառերը: Լեզվում երբեմն լինում են բառերի իմաստափոխություններ թյուրըմբռնման հետեւանքով: Այսինքնՙ բառերը կամ դրանց բաղադրիչները սխալ հասկանալու, բառերի ճիշտ նշանակությունն ու գործածությունը չիմանալու, հարանունները (նմանահունչ բառերը) իրար հետ կամ բառի բաղադրիչներից մեկն իր հարանվան հետ շփոթելու, բառի կազմությունը չիմանալու հետեւանքով:

Օրինակՙ վարկաբեկել «անվանարկել» բառը կազմված է վարկ «հեղինակություն» եւ բեկել «կոտրել» բաղադրիչներից: Խոսակցական լեզվում վարկ բառը անգործածական է, ուստի եւ խոսողները վարկաբեկել -ի առաջին բաղադրիչը կապում են վարք բառի հետՙ բառը դարձնելով վարքաբեկել :

Այստեղ այգահող -ը հետագայում դարձել է էգնահող, էքնահող , իսկ սա էլ դարձել է ինքնահող , իբր թե «իր հողին այցելելը»:

Կա նաեւ մեկ այլ կարծիք, որ ինքնահող բառն առաջացել է այգողք գրաբարյան բառից: Իսկ այս բառը կազմվել է այգողբքայգ եւ ողբք բաղադրիչներիցՙ բ -ի անկումով: Քանի որ այգ -ը բարբառներում չի պահպանվել, ապա այգողք -ը կապվել է ինքը բառի հետ, իսկ ողբք բաղադրիչի մնացած մասըՙ ողք -ը, կապվել է հող բառի հետ եւ ստացվել է ինքնահող :

Ազգագրական շատ հետաքրքիր մի արարողություն է նշանակում էքպարեվ - էգբարեւ - այգբարեւ բառը: Պսակի հաջորդ առավոտը նորապսակ զույգը նվագածուների հետ բարձրանում էր կտուրՙ երգով ու նվագով արեւածագը ողջունելու համար: Սա եւս մի վկայություն է մեր արեւապաշտ նախնիների մասին:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ