ԶՐՈՒՅՑ 100. 9, 10, 100 ԵՎ 300 ԹՎԵՐԻ ՄԱՍԻՆ [1] Ընդհանրապես 1 - 10 թվերն արտահայտող թվականները գալիս են հնդեվրոպական նախալեզվից եւ բնիկ հայերեն բառեր են, ինչպես նաեւ տասնյակների անուններըՙ քսան, երեսուն եւ այլն: Մեկ թվականի մասին զրուցել ենք: Իսկ ինչով են նշանավոր ինը, տասը, հարյուր եւ երեք հարյուր թվականները : Ոչ մի բանով: Սակայն հիշենք. արդեն 10 տարի է, որ կա «9-րդ հրաշալիքը», լույս է տեսնում նրա 300-րդ համարը: Իսկ 100-ը՞: Սա եւս հոբելյանական է. շատ շուտով եթերում կլինի « Զարմանահրաշ հայերեն » հաղորդաշարի 100-րդ թողարկումը: Սա է 9, 10, 100 եւ 300 թվերի առանձնացման պատճառը: Ինչպես նշեցինք, ինը կամ ինն բառը բնիկ հայերեն է. նրա ցեղակիցներն են սանսկրիտերեն nava , պարսկերենՙ nuh , լատիներենՙ novem , գերմաներենՙ neun ,ռուսերենՙ девять , անգլերենՙ nine եւ այլն: Ըստ որոշ հնդեվրոպագետներիՙ ինը բառը առաջացել է հնդեվրոպական նախալեզվի nevo «նոր» բառից: Հնդեվրոպական թվարկությունը հնագույն ժամանակ քառյակներով էր. ութից հետո գալիս է նոր քառյակ, եւ այդտեղից էլՙ 9: Տասը կամ տասն թվականը բնիկ հայերեն բառ է. ցեղակիցներն են պարսկերենՙ dah , օսերենՙ das , լատիներենՙ decem , գերմաներենՙ zehn , ռուսերենՙ десять , անգլերենՙ ten եւ այլն: Ենթադրում են, որ հնդեվրոպական նախալեզվում տասը նշանակել է «երկու ձեռք», բայց կարեւոր է, որ այսօր ճիշտ գրեն եւ ճիշտ արտասանեն բառը: Թե՛ բանավոր, թե՛ գրավոր խոսքում տասը, տասն բառի ը, ն տառերը հաճախ անտեսում ենՙ ասելով եւ գրելով տաս, տասամյակ, տասմեկ, տասյակ եւ սխալ այլ ձեւեր: Հաջորդ թվականը, որ ներկայացնում ենք, հարյուր -ն է, որն, ինչպես նշեցինք, «Զարմանահրաշ հայերեն» հաղորդաշարին է առնչվում: Հարյուր բառի նախնական ձեւն է հարեւր : Հր. Աճառյանի «Արմատականում» որեւէ ստույգ բացատրություն չկա բառի ծագման վերաբերյալ: Իսկ ահա Էդ. Աղայանը իր «Բառաքննական եւ ստուգաբանական հետազոտություններ» գրքում մանրամասն ստուգաբանում է հարյուր բառը եւ տալիս հետեւյալ սպառիչ բացատրությունը. «Հայերեն հարյուր բառը ծագել է հնդեվրոպական նախալեզվի ar արմատից aro մասնիկով: Իսկ ar նշանակել է նաեւ «հաշվել, համրել»: Այդպես է նաեւ գերմաներենումՙ hun dert , որ նշանակում է «հարյուր հաշիվ» կամ «հաշիվը հասավ հարյուրի»: Հնդեվրոպական «հարյուր» նշանակող բառը հայերենում պետք է տար սան կամ սուն , որը նույնն է տասնավորների սան (սուն) բաղադրիչների հետ եւ նշանակում է «տասն»: Օրինակՙ երեսուն («երեք տասն»), քառասուն («չորս տասն») եւ այլն: Սա է պատճառը, որ բառը չի պահպանվել եւ փոխարինվել է «թիվ, հաշիվ» նշանակող բառով»: Մնաց վերջինՙ 300 թիվը, որը մեր թերթի հոբելյանական համարը նշող թիվն է: Սրա կառուցվածքը բավականին պարզ էՙ երեք հարյուր: Այսքանըՙ «9-րդ հրաշալիքի» բազմահոբելյանին առնչվող թվերի մասին:
[1] Այս զրույցը տպագրվել է «9-րդ հրաշալիքի» 300-րդ համարում (2004 թ. նոյեմբերին): |