ԶՐՈՒՅՑ 17. «ԱՐ» ԱՐՄԱՏԸ Տեսնենք, թե ար արմատի մասին ինչ են գրում լեզվաբանները, պատմաբանները, հայագետները: «Ոչ մի կասկած, որ Հարք անունը պարզ եւ անաղարտ պահում է հայերի ար ցեղանունը, որը արերի Ար աստծու անունն է: Հարք անվան սկզբի հ -ն արմատական չէ եւ աճել է որպես սաստկացուցիչ: Ուստի հարք -ը արք էՙ արեր, այսինքնՙ հայեր, կամ հայերի երկիր», - գրում է Մարտիրոս Գավուգչյանը :Գրիգոր Ղափանցյանը Արագած լեռնանվան մասին գրում է. «…Բաղկացած է Արա եւ գած չպահված հասարակ անունից, որ նշանակել է «գահ», այսինքնՙ Արագած նշանակել է տառացիՙ Արայի գահ»: «…Ար-մա-նի անունը բարդ բառ է, որի առաջին Ար բաղադրիչը հենց արմենների ազգային արեւի (գլխավոր) աստված Ար -ն (Արան) է (շումերերեն ar եւ ara արդեն նշանակում են «ճառագայթել, լույս տալ»), անվան մա բաղադրիչը շումերերեն նշանակում է «ծնել, սերել, շինել», որով Արմա նշանակում է «Արածին, Արիՙ սերունդ, Ար-որդի, արեւորդի»: Անվան նի մասնիկը շումերա-հայկական հոգնակերտ մասնիկն է», - գրում է Գավուգչյանը: Խորենացին գրում է. «Փութով Շամիրամը գալիս հասնում է Արայի դաշտը, որը Արայի անունով կոչվում է Այրարատ»: «Այս հին վկայությունը նույնպես կասկած չի թողնում, որ Ու-արտու (Ուր-արդի) նշանակում է Արայի երկիր», - գրում է Մ. Գավուգչյանը: Սա ապացուցում է նրա իսկ կռահած փաստը, որ Ուրարտու նշանակում է «վայր կամ երկիր կրակ - արեւ աստծու, Արա - Արդի աստծու»: Ընդ որում, Ու-արտու - Ուր-ատրու տեղանվան վերջին ատր մասը նշանակում է «կրակ» եւ, ըստ Գավուգչյանի, պահլավերենից փոխառություն չէ, ինչպես նշում է Հր. Աճառյանը, այլ հայերեն է, որի համար ապացույց է մեր այրել բնիկ հայերեն բառը ( ատրել - այրել ): Որ տ -ն կարող է փոխվել յ -ի, ցույց են տալիս հայերեն մի շարք բառեր. pater - հայր, mater - մայր եւ այլն: Արմեն անվանման մասին կան տարբեր կարծիքներ: Որոշ գիտնականներ համարում են, որ այն բաղկացած է ար եւ ման բաղադրիչներից, ար ՙ «քաջ» եւ ման ՙ «մարդ» ( մանուկ ՙ «փոքր մարդ»): Մերժելով սաՙ Գ. Ջահուկյանը տալիս է իր ստուգաբանությունը, ըստ որիՙ Արմեն անվանումը ստուգաբանորեն կազմված է արմ(ն) ՙ «արմատ», զ-արմ ՙ «ցեղ, սերունդ» բառից: Հայերեն արմ -ը, թերեւս, պահպանված է ուրարտերեն armuzi «ընտանիք» բառի մեջ: Գ. Ջահուկյանը նշում է նաեւ, որ ուրարտական Menua անվան մեջ առկա է հայերեն մանուկ -ի առանց փոքրացուցիչ ածանցի ձեւը ( մանու - հնդեվրոպական նախալեզվի մենուՙ «փոքր» իմաստից): Գր. Ղափանցյանը նշում է նաեւ ուրարտական Ara եւ հայերեն Արա զուգահեռը: Հայերենում ունենք արարել, արարիչ, արարած բառերը: Արդյո՞ք դրանց արմատը ար -ն է: Պարզվում էՙ այո: Ունեցել ենք առնել բառըՙ «անել, գործել, կատարել, ստեղծել, վերածել, շինել» իմաստներով: Սա առնել ՙ «գնել, ստանալ, վերցնել, խլել» բառի նույնանիշն է: Առնել -ի կատարյալն է արարի , հրամայականըՙ արա : Սրանք ցույց են տալիս, որ բուն արմատը ար-ն է, որի կրկնությամբՙ արար : Ըստ Հր. Աճառյանիՙ ար -ը հնդեվրոպական նախալեզվի ar արմատից է, որ նշանակել է «հարմարել, կազմել, շտկել, պատրաստել»: Բայց հիշենք, որ մենք ունեցել ենք Ար աստվածը եւ հնարավոր է, որ այդ բոլոր իմաստներն, ի վերջո, նրանից են եկել: Հետաքրքիր փոփոխությունների է ենթարկվել գրաբարյան առնել բառը. միջին հայերենում դարձել է արնել, այրնել, այնել, անել , եւ այսօր ունենք նաեւ էնել ու ընել ձեւերը: Առաջին հայացքից լեզվական հնչյունափոխությունները արհեստական ու սարքովի են թվում: Բայց մեր աչքի առաջ այսօր էլ են դրանք տեղի ունենում: Չնայած այն բանին, որ արդեն 1600 տարի մենք ունենք գրավոր խոսք: Օրինակՙ այստեղից բառից էստեղից - ստեղից - ըստից ճանապարհով ստացվել է ստուց : Եթե իրար կողքի դնենք սկիզբըՙ այստեղից , եւ վերջըՙ ստուց , ապա խիստ անհավանական կթվա, որ դրանք նույն բառն են: Կամՙ այստեղ - էստեղ - ըստեղ - ըստե - ստե : Որովհետեւ բառն այսօր շատերի բերանում հնչում է որտեւ , եւ այլն, եւ այլն: |