ԶՐՈՒՅՑ 56. ԲՈՂԿԻ ՊԵՍ ԱՌՈՂՋ ՄԱՐԴԸ ՃԱԿՆԴԵՂԻ ՊԵՍ ԿԱՐՄՐԵՑ Մեր լեզվում լայն գործածություն ունեն ճակնդեղ, շաղգամ, տակ, բազուկ եւ բողկ բառերը: Տեսնենք, թե ինչ ծագում ունեն սրանք եւ ինչ նշանակություն են ստացել այժմ: Նախ ասենք, որ այս բառերից ճակնդեղ -ը, բազուկ -ը եւ տակ -ը հոմանիշներ են, եւ բոլորն էլ նշանակում են նույն բույսը, ռուսերենՙ свекла : Չնայած տակ -ը ունի մասնավոր նշանակություն եւս, որը ռուսերենում արտահայտվում է бурак բառով: Այժմ այս բառերի ծագումնաբանության մասին: Հր. Աճառյանը, ինչպես նաեւ Գր. Ղափանցյանը ընդունում են, որ ճակնդեղ բառը հայերեն է, եւ բառը մեզանից են փոխառել պարսիկները, քրդերը, թուրքերը, աֆղանները եւ այլն: Դրա համար հիմք է այն փաստը, որ հայերենում կա ճակն առանձին արմատը, իսկ, ինչպես պարզեցինք նախորդ զրույցում, դեղ բառը առաջին հիմնական իմաստով նշանակել է խոտ, բույս : Այսինքնՙ ճակնդեղ նշանակել է «ճակն խոտը, բույսը»: Տակ նշանակում է «հատակը, խորքը, տակը», ինչպես նաեւՙ «բույսի տակի մասը, արմատը», որից էլ փոխաբերական իմաստով նշանակել է «ցեղ, տոհմ, զարմ»: Տակ բառի բոլոր իմաստներն, ըստ Հր. Աճառյանի, փոխառություն են պարսկերենից: Ինչ վերաբերում է բազուկ բառին, ապա սկզբնապես այն նշանակել է «թեւ, ճյուղ»: Հր. Աճառյանը տարակուսում է. բազուկ -ը բնիկ հայկակա՞ն բառ է, թե՞ փոխառություն պարսկերենից: Եվ, ի վերջո, որոշում է համարել փոխառություն: Չնայած այն բանին, որ բազուկ բառը «ճակնդեղ» իմաստով հայերենից փոխառել են թե՛ պարսիկները, թե՛ թուրքերը, թե՛ հույները: Չնայած այն բանին, որ կարող էր շատ հիմնավորված համարել, որ այդ բառը հնդեվրոպական նախալեզվից ուղիղ անցել է հայերենին եւ փոխառություն չէ: Բազուկ բառը «ճակնդեղ» իմաստով եւ բազուկ բառը «թեւ» իմաստով նույնն են, քանի որ այդ բույսը երկար թեւեր ունի: Ինչպես գիտենք, ճակնդեղի պիտանի մասերն են տակը (արմատը) եւ բազուկները (թեւերը): Այս պատճառով էլ որոշ տեղերում ճակնդեղին բազուկ են ասում, որոշ տեղերումՙ տակ: Շաղգամը բոլորովին այլ բույս էՙ խաչածաղկավորների ընտանիքի, ի տարբերություն ճակնդեղի եւ բողկի, որոնք թելուկազգիների ընտանիքից են: Շաղգամ -ը ռուսերեն рена -ն է եւ, ըստ «Արմատականի», փոխառություն է պարսկերենից: Բողկը, ինչպես ասացինք, խաչածաղկավորների ընտանիքի բանջարաբույս է, ռուսերենՙ редька, редиска : Ըստ «Արմատականի»ՙ բնիկ հայերեն բառ է եւ ծագում է հայերեն բող «բույս, ծիլ» արմատից: Հետաքրքիր է, որ բառի նախնական եւ հիմնական նշանակությունը կորել է եւ պահպանվել է միայն երկրորդական նշանակությունը: Բող -ի «բույս, ծիլ» նշանակությունից արմատի կրկնությամբ առաջացել է հայերեն շատ գեղեցիկ բողբոջ բառը, ինչպես դող բառիցՙ դողդոջ -ը, պաղ բառիցՙ պաղպաջ -ը: Նույն բող բառից է գավառական բոխի բառը: Այդպես է կոչվում մի դաշտային դառնահամ բույս, որի թթուն շատ հարգի է Հայաստանում: Որոշ բարբառներումկարմիր փոքրիկ բողկը անվանում են բոլոկի : Ինչպես կռահում եք, այստեղ նույն բողկ բառն է, որ մեզանից փոխառել են վրացիները, հետագայումՙ վրացերենից վերցրել են հայերըՙ որոշ գավառներում: Ինչպես տեսանք, ստուգաբանությունն օգնում է նաեւ, որ շատ ու շատ բառերի այսօրվա իմաստներ ճշտվեն, անվանումները հայացվեն: |