ԶՐՈՒՅՑ 98. ՆԻԳ - ԱՊԱՐԱՆ Ինչպես գիտենք, Նիգը, Նիգատունը, Նգատունը գավառ էր Մեծ Հայքի Այրարատ նահանգումՙ Քասաղ եւ Հրազդան գետերի վերին հոսանքների շրջանում: Այժմ հիմնականում համապատասխանում է ՀՀ Արագածոտնի մարզի եւ մասամբՙ Կոտայքի մարզի տարածքներին: Կենտրոնն էր Արագածի լեռնազանգվածի հյուսիս-արեւելյան լանջի գագաթներից մեկիՙ Նիգասարի հովանու տակ գտնվող Քասախ ավանը, այժմՙ Ապարան: Տեսնենք, թե ինչ է նշանակում նիգ բառը, որով կոչվել է մի ամբողջ գավառ: Բառարանները տալիս են հետեւյալ նշանակությունները. «1. Դռան հետեւը ձգված սողնակ, 2. Գերանները կամ սյուները իրար կապելու համար խոտորնակի ձգված գերան, 3. Մեծ եւ ծանր բաներ շարժելու լծակ, 4. Սանդիտոռն (սանդ), հավանգ»: Թե նիգ բառի այս նշանակություններից որ մեկն է ծնունդ տվել գավառի անվանմանը, դժվար է ասել: Սակայն նիգ բառն ունի մի հետաքրքրական եւ խորհրդավոր նշանակություն եւսՙ «ձողաձեւ կամ գերանաձեւ լույս»: Այստեղ տեղին է հիշել մեծն Թումանյանի «Լուսավորչի կանթեղը»-ից մի հատված. Կախ է ընկած առանց պարան Արագածի կատարին, Ու սեղանից հսկայական Լույս է տալիս աշխարհին: Ով անմեղ է, լիքը սիրով Ու հավատով անսասան, Ով նայում է վառ հույսերով Դեպի Հայոց ապագան... Նա կտեսնի էն մշտավառ Ջահը կախված երկնքից, Ասեսՙ Աստծո աչքը պայծառ Հսկում է ցած երկնքից: Ինչպես տեսնում ենք, կանթեղը (նիգը) կախված է երկնքից Արագածի վրա, Արագածոտնի վրա: Արագածի վրաՙ ամպամած ու սեւակնած երկնքում, շատ հաճախ կարելի է տեսնել լույսի շիթեր, նիգեր, կանթեղներ: Գուցե այդ նիգերն ենՙ գերանաձեւ լույսի խրձերը, գավառին տվել Նիգ, Նիգատուն անունը, այժմ էլՙ Նիգ - Ապարան: Քաղաքը մինչեւ 1935 թ. կոչվել է Բաշ Ապարան: Բաշ -ն այստեղ հավանորեն ունի «լեռան թեքված մասը» նշանակությունը: Վերջում ասենք, որ նիգ բառը բնիկ հայերեն բառ է, հնդեվրոպական նախալեզվում նրա նախնական նշանակությունն է «հենվել», այնուհետեւՙ «փակել, հատկապեսՙ կոպերը»: « Նիք տալ » բառակապակցությունը նշանակում է «ծննդկանի ճիգ անելըՙ երեխան արգանդից դուրս հանելու համար»: Նիգ բառից է նաեւ լինգ բառը: Ահա թե ինչպես է դա ստացվել: Նիգ-ից ն-ի հավելումով ստացվել է նինգ , առաջին ռնգական ն -ի տարանմանությամբ ստացվել է լինգ : Բայց ամենատարօրինակն այն է, որ հիմա բանավոր խոսքում ո՛չ նիգ -ն է գործածվում, ոչ էլ լինգ -ը: Օտար լոմ բառը բռնել է դրանցից հատկապես լինգ -ի տեղը: Լոմ -ը ռուսերեն բառ է ( ломать ` «ջարդել» բայից): Այսօր երեխաների, դեռահասների խոսքում վխտում են լոմկա, կայֆալոմ ժարգոնային բառերը: Ահա թե ուր է հասցնում հայերեն բառերի մոռացությունը: |