ԶՐՈՒՅՑ 108. ԲԱՑՕԹՅԱ՞, ԹԵ՞ ԲԱՑՕԴՅԱ Հարցը վերաբերում է այս բառերի գործածության ոլորտներին. արդյո՞ք երկուսն էլ ճիշտ են, եթեՙ այո, ապաՙ ո՞ր բառը ե՞րբ է գործածվում: Նախ տեսնենք, թե ինչ են ասում այս մասին մեր հին ու նոր բառարանները: Ռուբեն Ղազարյանի «Գրաբարի բառարանում» կարդում ենք. « Բացօթեայ - բաց տեղ, բաց երկնքի տակ գիշերող, դուրսը, դրսում մնացած»: Իսկ բացօդյա բառը այդ բառարանում չկա, որից կարելի է ենթադրել, թե գրաբարում չկար բացօդյա ձեւը: Սակայն այդպես չեն կարծել «Հայկազյան բառարանի» հեղինակները (այդ մասինՙ քիչ հետո): Հրաչյա Աճառյանի «Արմատականում» կարդում ենք, որ բացօթեայ բառի արմատն է օթ , այսինքնՙ «գիշերը մի տեղ անցկացնելը, գիշերելը, օթեւանելը»: Այնուհետեւ շարունակում է. «Կա եւ սխալ գրչությամբՙ բացօդեայ , իբր թե օդ բառից, որ եւ այժմ բավական ընդհանրացել է տգետների մոտ»: Այսինքնՙ Աճառյանը մերժում է բացօդյա բառը: Հիշեցնենք, որ դա 20-րդ դարի 30-ական թվականներին էր: Ժամանակագրորեն դրանից մի հարյուր տարի հետ գնանք, դեպի 1837 թվական, երբ լույս տեսավ «Նոր բառգիրք հայկազեան լեզուի» կոթողային աշխատությունը: Այնտեղ բացօթյա բառահոդվածում բերված օրինակներից մեկում կարդում ենք. «Ո՞ւր արդեօք օթեւանեալ իցես, որդեակ, ի փողոցի՞, թեՙ ի բացօթեայ (կամ բացօդեայ)»: Այս օրինակից երեւում է, որ Մխիթարյաններին ծանոթ էր բառի բացօդեայ գրությունը, ընդ որում, բառը գործածվել է «բաց երկնքի տակ գիշերելու, օթեւանելու» առումով: Սա շատ կարեւոր է հետագա շարադրանքի համար: Ստեփանոս Մալխասյանցը 1944 թվականին լույս տեսած իր «Հայերեն բացատրական բառարանում» ընդգրկել է երկու բառն էլ, գրելով. « Բացօդեայ -( արմատն է օդ ) բաց օդում, բաց երկնքի տակ: Բացօդեայ ճաշ, պարապմունք »: Բերում է նաեւ օրինակ. «Հիւանդ երեխաների հետ բացօդեայ են պարապում»: Ուշադրություն դարձնենք, որ այստեղ գիշերելու, օթեւանելու մասին խոսք չկա, այլ միայնՙ բաց օդում ճաշելու, պարապելու, հավաքվելու: « Բացօթեայ - (արմատն է օթ), բաց տեղ, բաց երկնքի տակ գիշերող»: Այսինքնՙ գիշերելու, օթեւանելու դեպքում արդեն պետք է կիրառվի բացօթեայ բառը (ըստ Ստ. Մալխասյանցի): 1974 թվականին լույս տեսած «Ժամանակակից հայոց լեզվի բացատրական բառարանում» կարդում ենք. « Բացօդյա - 1. անծածկ, բաց» (Հետո անցավ ծովածավալ շուկայի ուղիներովՙ ծածկված եւ բացօդյա /Ա. Ի./): 2. Բաց օդում, բացՙ ազատ օդում: Բացօդյա զբոսանք, բացօդյա խաղալ»: Դարձյալ գիշերելու, օթեւանելու մասին խոսք չկա: Իսկ բացօթյա -ի դիմաց կարդում ենք. «բաց երկնքի տակ», որը ոչինչ չի ավելացնում արդեն ասվածներին: 1976 թվականին լույս տեսած «Արդի հայերենի բացատրական բառարանում» Էդուարդ Աղայանը գրում է. « Բացօդյա - 1. բաց օդում, շենքերից դուրս: 2. Տե՛ս Բացօթյա »: Իսկ բացօթյա բառը բացատրում է այսպես. «բաց օդում, բաց երկնքի տակ»: Ի՞նչ կարելի է եզրակացնել: Բացօդյա բառը սկզբում հայերենի բառապաշարում չի եղել: Հետո մուտք է գործել բառապաշար, բայց որոշակի իմաստով: Եթե խոսքը վերաբերում է բաց երկնքի տակ գիշերելուն, օթեւանելուն, ապա գործածվում է բացօթյա բառը, իսկ բաց օդում, բաց տեղում, բաց երկնքի տակ պառկելու, խաղալու, հավաքվելու, խնջույք անելու դեպքում գործածվում է բացօդյա բառը: |