RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ


Տեղադրվել է` 2012-08-15 13:14:59 (GMT +04:00)

ԶՐՈՒՅՑ 53. ԱՂԱԼՈՒՑ ԱԼՅՈՒՐ Է ՍՏԱՑՎՈՒՄ, ՄԱԼԻՑՙ ՄԱՏԱՂ

Այս զրույցի ընթացքում մենք կպարզենք, թե ինչ կապ ունեն իրար հետ աղալն ու ալյուրը, մալն ու մատաղը : Հայերենում կան բառեր, որոնք, չգիտես թե ինչու, մոռացության են մատնվել կամ կորցրել են իրենց նախնական, հիմնական իմաստը եւ ձեռք են բերել նոր իմաստ։ Ինչպես նշում են լեզվաբանները, բառերն էլ են ծերանում, մաշվում, վերաիմաստավորվում, եւ դա լեզվի զարգացման բնականոն ճանապարհն է։ Այդուհանդերձ, կան հանիրավի մոռացված բառեր, որոնց կարիքը մենք այժմ շատ ենք զգում։

Իսկ այժմՙ մի պատմական փոքրիկ արշավ դեպի հազարամյակների խորքը:

Ի թիվս հնդեվրոպացիների, մենքՙ հայերս էլ աղալ գաղափարի համար ունեցել ենք երկու բառՙ mel եւ al : Հայերենում պահպանվել են երկու արմատն էլՙ mel- մալ եւ al - աղալ :

Տեսնենք, թե ինչ են նշանակել այս արմատները եւ որքանով են պահպանված մեր ներկա լեզվում:

Սկզբում անդրադառնանք մալ արմատին: Մալ -ի հիմնական իմաստն էՙ «մանրել, փշրել», որից ունեցել ենք մալել բառը հետեւյալ նշանակություններով. «1. Ճմլել, տրորել, 2. Ջախել, լեսուլ: 3. Ատամներով կերակուրը մանրացնել, ծամել: 4. Ցորենը մանրել աղալով, աղալ: 5. Որձ անասունը կրտել, ամորձատել, կամ մարդունՙ ներքինացնել: 6. Ոլորելով փափկացնել: 7. Ոլորել, դարձնել»: Ինչպես տեսնում ենք, բավականին բազմիմաստ եւ լայն զարգացում ստացած բառ է: Հետաքրքիր է, որ մալ նշանակել է նաեւ «ամորձատած արու աչխար»: Թե մալ -ի «մանրել, փշրել» իմաստից ինչպես է առաջացել «ամորձատած արու աչխար» փոխաբերական իմաստը, պարզ է դառնում, եթե նկատի ունենանք մալել բառի «որձ անասունը կրտել» իմաստը: Իսկ արաբերենում մալ բառը նշանակում է «ապրանք, հարստություն», ինչպես նաեւ «խոշոր եղջյուրավոր անասունների խումբ»: Մեր մալ բառի դուրս մղմանը, ամենայն հավանականությամբ, նպաստել է այս օտար մալ -ը:

Այդուհանդերձ, մալ բառը, կարծում ենք, հնարավոր է կյանքի կոչել: Մանավանդ որ նրա մյուս արմատական մուլ ձեւը դեռեւս կա «ջաղացք» նշանակությամբ, որից մլաղաց «ջրաղացպան», կրկնությամբՙ մամուլ : Ահա թե ուր են հասնում «չորրորդ իշխանության»ՙ մամուլի արմատները. մինչեւ ջրաղացքարերի ճնշումը, մինչեւ ճզմելու, ամորձատելու գործիք: Մամուլը նյութերը ճնշումով մշակելու հարմարանք է: Իսկ ինչպես հայտնի է, Գուտենբերգն ու Մեղապարտըայդ եղանակով էին տպագրում գրքերը:

Նախալեզվի mel (հայերեն մալ «մանրել, փշրել») արմատից են նաեւ ռուսերեն мельница, мелькомбинат, молотить բառերը:

Մալ արմատի մյուս դրսեւորումն է մեղ -ը, որից էլ կազմված են մեղկ -ը եւ մեղմ -ը: Մեղկ նշանակում է «կակուղ, թույլ, լխկած եւ թուլամորթ, իգասեր»: Մեղմ նշանակում է «չափավոր, թույլ, հանդարտ»: Այս փոխաբերական իմաստները առաջացել են մալ արմատի տարբեր իմաստներից:

Ինչքան էլ զարմանալի է, այդ բառարմատից է նաեւ մատաղ -ը: Մատաղ նշանակում է «չափահասության չհասած, նորածին», ինչպես նաեւ «ջահել կենդանիՙ զոհ»: Մատաղmlad ձեւից է առաջացելՙ մաղատ, շրջմամբՙ մատաղ : Նույնանում է ռուսերեն младший, молодой բառերի հետ: Մալ -ը «մանրել, փշրել» իմաստով նույնանում է ռուսերեն молотить բառի հետ:

Մյուսը աղալ բառն է: Սա եւս բնիկ հայերեն բառ է եւ նշանակում է «հացահատիկը մանրել, ալյուր շինել», եւ ընդհանրապես, «որեւէ նյութ փշրել, որոճալ»: Հիշենք մալել բառի նույն իմաստները: Աղալ եւ ալյուր . պարզ է, որ ալյուր -ի արմատը եւս հնդեվրոպական al արմատն է, ինչպես որ աղալ բառի դեպքում. չէ որ ալյուրը աղալու արգասիք է:

Լեզվաբանների մի մասը պնդում է, որ հայերեն ալյուր բառը փոխառություն է, որ հին հայերը ծանոթ չեն եղել ալյուրին, նրանք օգտագործում էին կորկոտ կամ ձավար, այսինքնՙ ցորենը սանդի մեծ ծեծում էին եւ այդպես խոշոր եփելով ուտում: Իսկ մյուս մասը պնդում է, որ այդպիսի հասարակ ու սովորական մի բան փոխառություն լինել չի կարող, մանավանդ, որ հայերենում ունենք բնիկ հայերեն աղալ, աղորիք, երկանք եւ այլ բառեր, որոնք ցույց են տալիս, թե ջրաղացպանության արհեստը սկզբից ծանոթ էր հայերին:

Ինչքան բազմազան կապեր կան առաջին հայացքից իրարից խիստ տարբեր բառերի միջեւ ( ալյուր եւ մամուլ ), ինչքա՜ն շատ գաղտնիքներ եւ խորություններ ունի իր մեջ թաքցրած հազարամյակներից եկող հայերենի յուրաքանչյուր բառ:

Իսկ մալ արմատն այժմ հիանալի կդրսեւորեր իրեն, եթե չմոռանայինք նրա հիմնականՙ «մանր», իմաստը։ Իսկ հիմա տեխնիկական գիտության մեջ որքան է պետք մալ -ը «մանր» իմաստով, «միկրո» իմաստով։ Այս գեղեցիկ բառի դուրս մղմանը, ամենայն հավանականությամբ, խիստ նպաստել է մալ «եզ, տավար »համանունը, որը արաբերեն բառ է։ Օտարը այս անգամ էլ է հաղթել։

Այժմ դետալ բառի դիմաց ունենք մանրակ , լավ կլիներ, օրինակ, միկրոսխեմա -ն անվանել մալակ :

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ