ԶՐՈՒՅՑ 12. ՃԱԿԱՏԱԳՐԱԿԱՆ ԲԱԽՏ Հայի բախտ ունենալ նշանակում է «բախտ չունենալ, անբախտ լինել»: Ինչո՞ւ է այսպես ստացվել. մի՞թե մեր ճակատագիրն է այդպիսինՙ բախտ չունենալ: Փորձենք պարզել պատճառը: «Մարդու ընդհանուր բախտի եւ ճակատագրի, հաճելիի եւ ախորժելիի, համարձակության, երախտիքի եւ շնորհակալության հետ կապված բնիկ հնդեվրոպական նշանակումները հին հայերենում բացակայում են» , - գրում է Գեւորգ Ջահուկյանը իր «Հայոց լեզվի պատմություն. նախագրային շրջան» նշանավոր գրքում: Տեսնենք, թե այս մասին ինչ է գրում Հրաչյա Աճառյանը իր «Հայերեն արմատական բառարան» կոթողային գրքում: Բախտ - «բարի կամ չար պատահմունք, հաջողություն, ճակատագիր»: Բառի մյուս ձեւն է բաստ , որից ունենք չարաբաստիկ բառը: Փոխառություն էպահլավերենից: Ճակատ բառը եւս փոխառություն է պահլավերենից, իսկ ճակատագիր -ը հայերեն կազմություն է: Հաճելի, ախորժելի բառերը նույնպես փոխառություններ են իրանական լեզուներից, ինչպես նաեւ համարձակ -ը, շնորհ -ը եւ երախտիք -ը: Ինչո՞ւ է այսպես: «Զգացմունքի եւ խառնվածքի հետ կապված նշանակումները, բնականաբար, նախնական բնույթի են եւ լայնորեն ներկայացված են հայերենի բնիկ հնդեվրոպական բառերի մեջ: Վաղնջահայերենում լայն գործածության մեջ գտնվող մի շարք բառեր հետագայում փոխարինվել են ավելի տարածված նշանակումներով եւ իմաստափոխության են ենթարկվել… կամ այդ բառերի փոխարեն հանդես են եկել փոխառյալ եւ անհայտ ծագման բառեր» , - գրում է Գ. Ջահուկյանը: Կարող ենք եզրակացնել, որ բախտ բառի հայերենը կորցնելովՙ մենք զրկվել ենք նաեւ բախտից, համարձակ բառի հայերեն նախնականը կորցնելովՙ մենք կորցրել ենք նաեւ մեր համարձակությունը: Այնպես որ, սիրելի հայեր, պետք չէ հայերենը խճողել օտար բառերով, մոռանալ մերը. հենց մոռանում ենք մերըՙ աստվածատուրը, Աստված էլ մոռանում է մեզ: |