ԶՐՈՒՅՑ 32. ՀԱՅ ՄԱՐԴԿԱՆՑ ԽՄԲԵՐԸ Մարդկանց խմբերի բաժանելը բարդ է: Բանն այն է, որ մարդիկ բաժանվում են զանազան խմբերի ըստ որեւէ հատկանիշի: Օրինակ, մարդկանց կարելի է բաժանել ըստ մասնագիտությունների . զինվորականներ, գրողներ, երաժիշտներ, դերասաններ, դերձակներ, մարդասպաններ, պատգամավորներ, սուտասաններ, փաստաբաններ եւ այլն: Հնարավոր է բաժանել ըստ բնակավայրի . ղարաբաղցիներ, ապարանցիներ, գյումրեցիներ, սեւանցիներ, քյավառցիներ եւ այլն, ըստ հակումների . կնամոլներ, ամուրիներ, փողամոլներ, խաղամոլներ, ազգամոլներ, բամբասողներ, գարեջրասերներ եւ այլն, ըստ կրթության . անգրագետներ, կիսագրագետներ, գրագետներ, բուհավարտներ, հայկական կրթությամբ, ապազգային կրթությամբ եւ այլն, ըստ տարիքի . նորածիններ, մանկամսուրականներ, մանկապարտեզականներ, դպրոցականներ, ուսանողներ, պատանիներ, երիտասարդներ, ծերունիներ եւ այլն, ըստ հավատի . քրիստոնյաներ, մուսուլմաններ, բուդդայականներ, ավետարանչականներ, հիսունականներ, եհովականներ, չեհովականներ եւ այլն: Բնականաբար, ըստ այսպիսի հատկանիշների բաժանումները կարելի է անվերջ շարունակել: Սակայն կանգ առնենք մարդկանց անփոփոխ խմբեր նշանակող մի քանի անվանումների վրա: Դրանց ամենափոքր միավորը ամուսիններն են : Ամուսին -ը բնիկ հայերեն բառ է, կազմված է ամՙ «համ, կից, միասին», ուս ՙ «վարժվել, սովորել» արմատներիցՙ -ին մասնիկով: Հաջորդ միավորը ընտանիքն է : Ընտանիք բառը կազմված է ընդ նախդիրով, տուն բառից, իբրեւ ընդտանի , այսինքնՙ մի տան մեջ, միասին: Անչափ հետաքրքրական է, որ հնում տուն նշանակել է նաեւ կին : «Տուն ունե՞ս: Տուն առե՞լ ես» նշանակել է «Կին ունե՞ս: Կին առե՞լ ես» : Քանի որ առանց կնոջ ավեր է տունը, տուն չկա: Ընտանիքից հետո գերդաստանն է : Գերդաստանը բնիկ հայերեն բառ է. նախնական իմաստն է «ծառաների եւ գերիների ամբողջությունը», ինչպես նաեւ «ինչքը, ունեցվածքը, կալվածքը, հողերը»: Նորովի նշանակում է «մեծ ընտանիք»: Գերդաստանից հետո տոհմն է : Տոհմ նշանակում է «զարմ, ցեղ, ազգատոհմ»: Փոխառություն է պարսկերենից: Տոհմ -ին զուգահեռ եւ ավելի մեծ միավորում նշող բառ է ցեղ բնիկ հայերեն բառը, որի սկզբնական նշանակությունն է «բաժանմունք»: Ունենք երկցեղ բառը, որ նշանակում է «երկպառակտված, երկփեղկված»: Հաջորդը ժողովուրդն է: Ժողովուրդ բառը կազմվել է ժողով բառից, որ նշանակել է «հավաքում, հավաքույթ, աղմուկ, կռիվ, եկեղեցի, ամփոփ, կծկված»: Ժողովուրդը դառնում է ազգ : Ազգ -ը, ըստ Հր. Աճառյանի, փոխառյալ է պարսկերենից, թեպետ կան այլ մեկնաբանություններ եւս: Մարդկանց կարեւորագույն խմբերից է, ցավոք սրտի, կուսակցությունը : Բառի հիմքում կույս -ն է, որ նշանակում է «կողմ»: Այսինքնՙ կուսակցություն նշանակում է «կողմնակցություն, կողմնապահություն»: Ցավոք, բոլոր կուսակցություններն իրենց կուսակցական շահերը վեր են դասում ազգի շահերից. այլ կերպ չես բացատրի մեր կուսակցամոլությունը: Վերջում անդրադարձանք այս խմբին, որպես ոչ մի հատկանիշով չբնորոշվող խմբի: Այս խմբի մեջ կարող է լինել ամեն տիպի մարդՙ տգետ, անգրագետ, մարդասպան, նախկին պատգամավոր, դավաճան, սուտասան, ստամտավորական եւ այլն: |