RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ


Տեղադրվել է` 2012-08-15 13:14:59 (GMT +04:00)

ԶՐՈՒՅՑ 39. ՀԱՅԻ ՀԱ-Ն ԱՅՈ Է, ՉԷ-Նՙ ՈՉ

Մեր լեզվում հարցին դրական պատասխան տալու եւ, առհասարակ, առանց հարցումի իր կամ ուրիշի մտքի հաստատումը դրական խոսքով արտահայտելու համար գործածում ենք այո կամ հա բառերը: Նույն բանը ժխտականի, բացասականի դեպքում ոչ կամ չէ բառերով է արտահայտվում:

Տեսնենք, թե ինչ ծագում ունեն այս բառերը, ինչ ճանապարհ են անցել, սրանցից որոնք են հանձնարարելի: Սկսենք այո - հա զույգից: Գիտենք, որ այո նշանակում է «հա, այդպես է»:

Դեռեւս Աստվածաշնչի հայերեն թարգմանության մեջ, Ագաթանգեղոսի մոտ, այո բառը կար, իսկ 12-րդ դարում զարմանալիորեն արդեն գործածական չէր մեր ժողովրդի մեջ: Այդ է պատճառը, որ Մխիթար Գոշը իր «Դատաստանագրքում» հարկ է համարում բացատրել բառը, ասելով, որ այոհա -ն է:

Հրաչյա Աճառյանը այո -ն համարում է բնաձայնական բառ, որը կապ չունի լատիներեն ajo «ասեմ», անգլերեն ay, yes , ֆրանսերեն oui , գերմաներեն ja եւ այլ բառերի հետ: «Զարմանալի է, որ այսպիսի մի բառ, որ մեր արդի լեզվի ամենասովորական մի ձեւն է, գոյություն չուներ ոչ միայն ընդհանուր հնդեվրոպական նախալեզվի մեջ, այլեւ հունարենում եւ լատիներենում» , - գրում է Հ. Աճառյանը:

Եվ, որպես ապացույց, բերում է Պլատոնիՙ երկխոսությունների ձեւով կառուցված աշխատություններից օրինակներ: Այնտեղ, երբ հարց է տրվումՙ «Ասացի՞ր», պատասխանը լինում էՙ ասացի, կամՙ ես եմ, կամՙ անշուշտ, բայց ոչՙ այո:

«Հնդեվրոպական նախալեզվի մեջ այո բառը չլինելու պատճառով է, որ այժմ էլ մի ընդհանուր բառ չկա լեզուների մեջ, նույնիսկ ռոմանական լեզուները իրենց մեջ, սլավոնական լեզուներն իրենց մեջ չունեն ընդհանուր մի բառ այս իմաստով» , - կարդում ենք «Արմատականում»:

Սա ցույց է տալիս, որ այս գաղափարը ուշ է կազմվածՙ զանազան լեզուների մեջ զանազան միջոցներով: Աճառյանը մի այդպիսի հետաքրքրական կազմության օրինակ է բերում: Սուչավայի բարբառում կի եւ պի բառերը գործածվում են «այո» նշանակությամբ: «Կի բերե՞ս» , պատասխանըՙ կի, այսինքնՙ այո: «Պիտի բերե՞ս» ՙ պի:

Հիշենք, որ բարբառներում դրական պատասխան տալու համար ասում են նաեւՙ խ: Որտեղի՞ց է եկել այս տառ-բառը:

Ինչպես ասացինք, այո -ին փոխարինել է հա -ն, հիմա էլ հա -ին փոխարինել է այո -ն: Հա -ն եւս բնաձայնական բառ է, որը կա հայերենի գրեթե բոլոր բարբառներում եւ շատ լեզուներում: Վանա բարբառում հա -ն դարձել է խա , որից էլՙ խ :

Այժմ անդրադառնանք ոչ բառին:

Սա բնիկ հայերեն բառ է, նշանակել է «ոչ մի»: Կազմված է ո բուն բացասականից եւ անորոշի չ նշանից:

Ինչպես այո -ն դարձել է հա , այնպես էլ ոչ -ըՙ չէ : Ոչ բառից են ոչինչ, չինչ, չնչին բառերը: Հետաքրքրական է չնաշխարհիկ բառը, որ նշանակում է «արտակարգ լավ, գեղեցիկ, անզուգական, աննման»: Այս բառը բացատրում են որպես «չին աշխարհից», իբրեւ արտասովոր մի բան նշանակող: «Բայց այդ դեպքում պիտի ունենայինք ճենաշխարհիկ », - առարկում է Աճառյանը: Այսինքնՙ չնաշխարհիկ , ըստ Աճառյանի, նշանակում է «ոչ աշխարհային, աշխարհից դուրս»:

Ինչպես տեսանք, մարդը սկզբում սովորել է ասել ոչ, չէ, հետո միայն այո կամ հա : Այսինքնՙ առանց մտածելու ասել էՙ ոչ , իսկ այո ասելու համար երկար դարեր մտածել է: Դրա համար են ասում, որ տեղ կաՙ մի չէ-ն հազար հատ հա արժե:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ