RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ


Տեղադրվել է` 2012-08-15 13:15:00 (GMT +04:00)

ԶՐՈՒՅՑ 118. ՀՆՉՅՈՒՆԱԿԱՆ ՀԵՏԱՔՐՔՐԱՇԱՐԺ ՁԵՎԱՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Լեզվում հաճախ տեղի են ունենում անկանոն հապավումներ, որոնք արդյունք են սղման եւ կրճատման: Զանազան շատ գործածական բառեր կարճվում են: Այսպես. ասպապետ -ը դառնում է ասպետ , ծխահան -ըՙ ծխան , ճարտարասան -ըՙ ճարտասան եւ այլն:

Հետաքրքիր են նաեւ անձնանունների կրճատումները. Աստվածատուր -ը դառնում է Ասատուր, Աստուր, Աստիկ, Ծատուր, Ատուր, Ծատի :

Խաչատուր -ըՙ Խաչիկ, Խաչի, Խեչո, Չատո, Չատի :

Կարապետ -ըՙ Կարպիս, Կարո, Կրպե, Կրպո :

Մարտիրոս -ըՙ Մարտիկ, Մըդո, Մըդի, Միդի, Միտի :

Մկրտիչ -ըՙ Մուկուչ, Մակի, Մկո, Մկըր, Միկիչ, Մակիչ :

Հովհաննես -ըՙ Օհան, Օնիկ, Հանես, Ավանես, Ավան :

Ստեփանոս -ըՙ Ստեփան, Տեփան, Սեփան, Սեփո, Փանոս :

Այսքան տղամարդու անուն կրճատեցինք, կրճատենք գոնե մեկ կնոջ անուն. Եղիսաբեթ անձնանունը դառնում է Էլիզա, Էլիզ, Լիզա, Իզաբելլա, Զաբել, Սաբեթ, Էխսա, Էխսո, Եղսո, Բելլա, Լիզիկ եւ այլն:

Հայերենում կրճատման հետաքրքիր օրինակ է, երբ ցտեսություն բառի փոխարեն ասվում էՙ ցը :

Ներկայացրինք, թե ինչպես մի բառից հնչյունափոխության հետեւանքով ստացվում է մեկ այլ բառ, որը գրեթե անճանաչելիորեն տարբերվում է ելակետային բառից: Թվում է, թե երբեմն այդ օրենքները մտացածին են: Սակայն այդպիսի հնչյունափոխություններ տեղի են ունենում նաեւ այսօր, մեր աչքի առաջ:

Շատ բառեր արագախոսության հետեւանքով կրճատվում են. որովհետեւ -ը դառնում է որտեւ , հետաքրքիր -ըՙ հետարքիր , շնորհավորել -ըՙ շնավորել , նախագահ -ըՙ նախագա , որպեսզի -նՙ որպիսի , կլինի -նՙ կլնի , երթալ -ըՙ էթալ եւ այլն:

Բայց ավելի զավեշտալի հնչյունափոխություններ են կատարվում, երբ ռուսերեն բառը հարմարեցնում ենք մեր արտասանությանը եւ անճանաչելիորեն փոխում: Օրինակ, բարբառներում шоссе -ն դարձել է շոշ , коромысло -նՙ կրամուզ , Саша -նՙ Շաշիկ , полуось -ըՙ պոլոս , очередь -ըՙ օչեր , объездчик -ըՙ ալբեշիկ , подшипник -ըՙ պաչեւնիկ , оглобля -նՙ ակլոպի , եւ գյուղացիները հանգիստ ասում ենՙ ակլոպի , կարծես 1000 տարի այդպես են ասել իրենց պապերը:

Բոլորիս հայտնի «պահմտոցի» խաղի ժամանակ ասում ենք թու զափսեխ : Սա ռուսերեն за всех արտահայտությունն է: Կամ երեխաները հաշվում են ալա-բալանիցա : Սա եւս ռուսերեն Алла баловница արտահայտության աղավաղումն է: Նույն բանն է տեղի ունեցել հանրահայտ գործագործ գնդակախաղի պարագայում. դա ռուսերեն город за город արտահայտության աղավաղումն է:

Կրճատման եւ հապավման մի զարմանալի օրինակ է հատկապես երեխաների բառապաշարում գործածվող, երդում արտահայտող մմզ-պպզ արտահայտությունը: Թվում է մամա, պապա բառերից առաջացած անհեթեթ մի բան է: Սակայն, պարզվում է, որ մմզ-պպզ արտահայտությունը հմզ-պտչ հապավման աղավաղված «ողորկված» տարբերակն է: Իսկ ինչ է նշանակում հմզ-պտչ : Սա մի ահավոր երդում է, անեծք այն մարդու հասցեին, ով խարդախ կլինի, չի պահպանի խաղի կանոնները, կխախտի պայմանավորվածությունները, չի կատարի խոսքը եւ այլն: ՀՄԶ-ՊՏՉ « հորից մորից զրկվի, պատի տակին չորանա ». ահա այսպիսի զորեղ երդում:

Յուրօրինակ հապավում է 20-րդ դարի 50-ական թվականներին ծնված եւ մինչեւ օրս գործածական պշը անել արտահայտությունը: Այսօրվա սերնդին այս արտահայտությունը ոչինչ չի ասում: Իսկ սրա ծնունդը շատ հետաքրքիր պատմություն ունի: Նշված ժամանակներում սեփական ավտոմեքենաների պետական համարանիշը սկսվում էր ռուսերեն ПШ տառակապակցությամբ, ասենքՙ ПШ 31-12: Դա միակ համարանիշն էր, որ սեփականություն էր նշում: Եվ ժողովրդի մեջ առաջացավ պշը անել արտահայտությունը, այսինքնՙ որեւէ բան սեփականել: Օրինակՙ «Գրիչը պշը արեցի», «Կոշիկները պշը արեցի» եւ այլն:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ