RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ


Տեղադրվել է` 2012-08-15 13:14:59 (GMT +04:00)

ԶՐՈՒՅՑ 16. ԱԴԱՄԻ ԿՈՂԸ

Գիտենք, որ Աստված կնոջը Ադամի կողից ստեղծեց, այսինքնՙ Ադամին կողակից ստեղծեց, որ միասին ընկողմանեն անկողին, լինեն իրար կողմնակից: Ի՞նչ կապ ունեն իրար հետ այս նախադասության մեջ գործածված կող, անկողին, կողակից, կողմնակից, ընկողմանել բառերը:

Գիտենք, որ անկողին նշանակում է «պառկելու եւ քնելու պարագաները» (վերմակ, ներքնակ, բարձ եւ այլն), ինչպես նաեւՙ «ամուսինների քնելու տեղ», փոխաբերական առումովՙ «ամուսնական կապ, հարաբերություն»:

Իսկ ի՞նչ ծագում, ի՞նչ կազմություն ունի անկողին բառը: Արդյո՞ք բնիկ հայերեն բառ է:

Անզեն աչքով էլ անկողին բառի մեջ նկատում ենք կող բառը. պատահակա՞ն համընկնում է, թե՞ հենց կող բառն է անկողին բառի արմատը: Պարզվում է, որ անկողին բառը կազմված է կողն հնագույն արմատի սեռական կողին ձեւիցՙ վաղնջահայերենի ան (թեք հարթության վրայով, վրա) նախամասնիկով:

Իսկ ի՞նչ է նշանակում կող.

«1. Կրծքի վանդակը կազմող աղեղնաձեւ ոսկորները, 2. Մարդու իրանի աջ եւ ձախ մասերըՙ թիկունքից մինչեւ ազդրերը, 3. Մի տեղի կամ մի բանի մոտը եւ այլն»:

Կող բառից ունենք կողակից բառըՙ «ամուսին» նշանակությամբՙ հատկապես կին ամուսինը: Սա էլ երեւի գալիս է այն բանից, որ կինը (Եվան) ստեղծվել է մարդու (Ադամի) կողից, կամ էլ պառկել է (ի կող է եղել, կողնել է) Ադամի կողքին, այսինքնՙ կողին կից է, կողակից է:

Շատ հետաքրքիր է ի կողի մոռացված ձեւը, որ նշանակում է «կռացած, մինչեւ կողը կորացած», ասենքՙ լվացվելիս: Կող բառից ունեցել ենք կողաքակ բառը, որ նշանակել է «կուսակցությունից բաժանված»: Նկատի ունենալով, որ հիմա կուսակցություններից բաժանվածներ շատ կան, կարելի է վերականգնել կողաքակ բառը. ասենք, «կողաքակ կուսակցականների հետագա վարքի համար կուսակցությունը պատասխանատու չէ»: Հիշենք, որ կողմ եւ կույս բառերը նույն բանն են նշանակում, եւ կուսակցությունը նույն կողմնակցությունն է: Այսինքնՙ կուսակցականները կողմնակից են իրար, բայց ոչ բոլորին, ոչ ամբողջ ժողովրդին:

Մի մոռացված բառ էլ կաՙ կազմված կողն բառի սեռականից. կողինավոր , որ նշանակում է «զրահապատ կող ունեցող»: Այս բառով հնարավոր է անվանել զրահամեքենաների տարատեսակներից որեւէ մեկը: Կամ մարդու համար ասում ենՙ կողը հաստ է , այսինքնՙ համառ է, ինքնասածի: Կարող ենք ասել, օրինակ, կողինավոր ղարաբաղցի :

Կող արմատից մն մասնիկով կազմված է կողմն բառը, որը նշանակում է «կողմ, գավառ, երկիր, կողքին, եզերքը» եւ այլն: Կողմն արմատից ունենք ընկողմանել «կողքի վրա ընկնել, մի կողքի վրա թիկն տալ, պառկել» բառը, որն, ըստ երեւույթին, առաջացել է ընդ կողմանել ձեւից, ինչպես ընկղմել բառըՙ ընդ մասնիկով կղմել ձեւից:

Վերջում նշենք, որ անկողին բառն ունի մահիճ հոմանիշը, որն ավելի ուշ փոխառություն է արաբերեն մահիճ բառից, որն ունի «քնել, հանգստանալ» իմաստները: Թեեւ կա նաեւ այն կարծիքը, որ մահիճ բառը մահ բառից է եւ նշանակում է «մահ իջնել», կամՙ մահ եւ նինջ բառերից:

Այսինքնՙ անկողին մտնելուց առաջ մեկ-մեկ արժե հիշել, թե մեր նախահայրերը ինչպես են ստեղծել, պահել ու պահպանել մեր լեզուն, հասցրել մեզ եւ ավանդել, որ մենք էլ հասցնենք մեր սերունդներին: Եվ ոչ թե վայրենի հրճվանքով մոռանանք մեր լեզուն, արհամարհենք եւ օտարալեզվասեր դառնանք:

Հիշենք, որ ճիշտ էՙ քանի լեզու գիտես, այնքան մարդ ե ս, բայց, եթե չգիտես քո հայրերի լեզուն, չգիտես քո մայրենին, ապա քանի լեզու գիտես, այդքան մարդ չես: Խոսքս, մասնավորաբար, այն մտավորական կոչվածներին է վերաբերում, որոնք, ապրելով Հայաստանում երկար ու ձիգ տարիներ, նեղություն չեն կրում սովորելու իրենց մայրենին եւ հեռուստատեսությամբ հպարտորեն ասում են, թե իրենք ավելի ազատ են արտահայտվում օտար լեզվով, սակայն պակաս հայրենասեր չեն: Հիշենք Գարեգին Նժդեհի ասածը նման ստամտավորականների մասին. «Ողորմելի, փափկամարմին, ծույլ հայրենասիրություն, որ իր մայրենի լեզուն յուրացնելու ճիգն իսկ չի փորձում»:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ