RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ


Տեղադրվել է` 2012-08-15 13:14:59 (GMT +04:00)

ԶՐՈՒՅՑ 61. ՀԱՄ ՈՒԶՈՒՄ ԵՍ ԿՈՒՅՍ ԼԻՆԵԼ, ՀԱՄ ԷԼՙ ԿՈՒՍԱԿՑԱԿԱՆ

Կյանքում դժվար է այս պատվիրանը պահել: Իսկ լեզվի մեջ, պարզվում է, այնքան էլ դժվար չէ: Քննեն քգրաբարից եկող մեր զույգ կույսերին , գրաբարյան գրելաձեւովՙ կոյս : Այս բառը մի դեպքում նշանակում է պարզապես «կույս»ՙ այսօրվա մեր ըմբռնողությամբ, այսինքնՙ «չամուսնացած աղջիկ, մաքուր», գլխավորըՙ «անփորձ, չփորձած»: Փոխաբերական իմաստով իրերի վրա էլ է տարածվում, «խորհրդավոր, փակ, կնքված» նշանակությամբ, ասենքՙ կույս առագաստ, կույս մեռոն եւ այլն: Մյուս դեպքում կոյս նշանակում է «կողմ»: Ահա այս իմաստն է, որ այժմ առանձնապես չի գիտակցվում եւ տեղիք է տալիս զանազան զվարճախոսություններիՙ կապված կույս եւ կուսակցական բառերի հետ:

Բավականին լայն գործածություն ունեցող արմատ է եւ բառաբարդմամբ տվել է շատ ու շատ բառեր. կուսակալ «կողմը պահող», մեկուսի «մի կողմ գտնվող, առանձին», քառակուսի «չորս կողմանի», կուսակցական «կողմը պահող, կողմնապահ» (եթե բոլոր կուսակցականներն էլ կողմնապահ են այսօրվա իմաստովՙ միայն իրենց կուսակցության շահերն են պաշտպանում, իրենց կողմն են պահում, վկան Հայաստանի 100-ից ավելի կուսակցությունները եւ մի քանի հազարի հասնող հասարակական կազմակերպություններն են):

Երեւի թե տարակույս բառի կազմության մեջ էլ կոյսի մատը խառն էՙ որպես տարբեր կողմեր, տարակողմ ձգտումների արտահայտություն տվող բառ: Կարծիք կա, որ կույս բառը մեզանից փոխառել են վրացիներըՙ կուսի , եւ թուրքերըՙ կըզ : Թուրքերը մեզնից ոչ միայն մեր կույս աղջիկներին էին փախցնում, այլեւ բառը: Վերջում ավելացնենք, որ, ըստ Նոր Հայկազեան բառարանի, կոյս -ի «անփորձ աղջիկ» իմաստը առաջացել է կոյս -ի «կողմ» իմաստից, որպես «կյանքից մի կողմ քաշված աղջիկ»:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ