ԶՐՈՒՅՑ 87. ՍՓՅՈՒՌՔԸ ՓՐՓՈՒՐ Է Սփյուռքը փրփուրի նման ժամանակի ընթացքում, ցավոք, վերանում է: Որովհետեւ սփյուռքում իրեն գտնելու համար պետք է իրեն կորցնել, այսինքնՙ կորցնել հիշողությունը եւ լեզուն: Տարօրինակն այն է, որ բառային առումով եւս սփյուռքը փրփուր է : Տեսնենք, թե ինչպես: Արդի բառարանները սփյուռք բառի համար տալիս են հետեւյալ նշանակությունը. «Հայաստանից դուրս գտնվող հայաբնակ վայրերի ամբողջությունը», եւ երկրորդ իմաստովՙ «այդ վայրերի հայերը»: Բայց ի՞նչ էր նշանակում բառը նախքան վերոհիշյալ իմաստներն ստանալը, ի՞նչ կազմություն, ի՞նչ ծագում ունի: Սփյուռք բառը կազմված է սփյուռ -ից եւ ք հոգնակերտից: Սփյուռ նշանակում է «ցրված, տարածված, ցիրուցան»: Սփյուռ- ն ինքը կազմված է ս սաստկական ածանցով փռել բնիկ հայ բառարմատից: Փռել բառը գործածվել է զ սաստկական ածանցովՙ զփռել , հետո զ -ն դարձել է ս ՙ հաջորդ փ -ի պատճառով: Արմատն է փիր , եւ այստեղ է թաքնված սփյուռքի փրփուր լինելը, որովհետեւ նույն փիր արմատից է փրփուր բառըՙ փիրփուր - փրփուր : Ճակատագրական է, որ սփյուռք- ն ու փրփուր -ը նույն արմատից են, եւ մեր դարերի պատմությունը ցույց է տվել, որ սփյուռքը, իրոք, ցավոք սրտի, փրփուրի նման վերանում էՙ ձուլվելով տվյալ երկրի ժողովուրդների մեջ: Այնուամենայնիվ, իմացանք, որ սփյուռք բառն անցել է փիր - փռել - զփռել - սփռել - սփյուռ - սփյուռք ճանապարհը: |