ԶՐՈՒՅՑ 55. ԴԱՂՁԸ ԴԵ՞Ղ Է Ինչքան էլ այժմ տարօրինակ թվա մեր ասածը, դեղ բառի առաջին եւ հիմնական նշանակությունը եղել է «խոտ»: Դալար դեղ բառակապակցությունը նշանակել է «կանաչ խոտ»: Հնում բժշկությունը հիմնականում զանազան խոտերի միջոցով էին կատարում, եւ դեղ բառն էլ սկսեց կամաց-կամաց գործածվել «բժշկական խոտ» նշանակությամբ: Այնուհետեւ, ավելի ընդհանրանալով, սկսեց նշանակել «ամեն տեսակի դարման, դեղ»: Եվ քանի որ կար դեղ -ի խոտ հոմանիշը, ապա դեղ -ը ասպարեզը զիջեց խոտ -ինՙ ինքը մնալով միայն այսօրվա իմաստով: Հետագայում դեղ -ը ձեռք է բերում զանազան նոր իմաստներ. թույն ՙ իբրեւ վնասակար դեղ կամ խոտ, որից էլՙ դեղել ՙ «թունավորել, կախարդել»: Շատ զարմանալի է, որ լեզվական նույն երեւույթը կա նաեւ ռուսերենում. отрава - խոտ (դեղ), отравить - դեղել , թունավորել: Դեղ բառը հետագայում սկսում է նշանակել «հուռութք, կախարդությունՙ որպես բժշկության միջոց», այնուհետեւՙ «մարմինն օծելու անուշահոտ յուղ, ներկ, աչքի ծարիր (սուրմա), թանաք, մելան, աբեթ, կպչան» եւ այլն: Հետաքրքիր բառ է դեղուն -ը, որը նշանակել է «թունավորված»: Դեղ բառի հետ ծագմամբ նույնն է դալար բառը ( դալ արմատիցՙ ար մասնիկով), որ նշանակել է «խոտ, կանաչ, մատղաշ, բանջար»: Նույն դալ արմատից է դալուկ -ը (դեղնացավ): Դաղձ -ը (վայրի անանուխ) կազմված է դալ արմատից ձ աճականով, որի պատճառով էլ լ -ն դարձել է ղ : Այստեղ տեղին է հիշել նաեւ դալի մասին, որը կնոջ եւ կաթնասուն կենդանիների ստինքներում ծնելուց անմիջապես հետո առաջացած դեղնավուն կաթն է, եւ այդ կաթից պատրաստած պանրանման ուտելիքը: Դեղ արմատից են նաեւ դեղին (դեղին գույնը), դեղձ, դեղձան, դեղբ բառերը: Դեղձ -ը կազմված է դեղ արմատից ձ աճականով. բուն նշանակությունն էր «դեղին», որ հետո կորել է: Դեղձան նշանակել է «դեղնագույն, ոսկեգույն, կարմիրի երանգով դեղին»: Արդյո՞ք այս նույն գույնը չէ Դեղձուն Ծամիՙ մեր դյուցազներգության Սանասարի կնոջ մազերի գույնը: Այսինքնՙ հայերն էն գլխից սիրել են շիկահերներին, դեղձուն ծամ ունեցողներին: Դեղբ նշանակում է «դեղին, դեղնավուն»: Նույն դեղ արմատից է նաեւ դեղձանիկ թռչունի անունը: Թմբրադեղ -ը (թմբիր տվող դեղ), որ թե նախկինում, թե հիմա բժշկության մեջ էլ է օգտագործվում, բ -ի անկումով դարձել է թմրադեղ , եւ, ցավոք, ունենք նաեւ թմրամոլներ: Վերջերս նաեւ դարձվածներ են կազմվել. դեղի վրա նստել կամ ասեղի վրա նստել, այսինքնՙ «դառնալ թմրամոլ, թմրադեղեր օգտագործել»: |