ԶՐՈՒՅՑ 6. ԵՐԵԽԱ՞ ԵՍ Այս զրույցը եւս առնչվում է հավատին եւ կրոնին: Այս անգամ եւս ստուգաբանություն-բանալին պտտենք երեխա բառի փականքի մեջ, բացենք բառի դռները եւ ներս մտնենք, տեսնենք, թե ինչ խորհուրդ ունի իր մեջ պարփակած առաջին հայացքից ամենասովորական երեխա բառը: Թվում էՙ բոլորս գիտենք, թե ինչ է երեխան. «նորածին աղջիկ կամ տղա, փոքրահասակ աղջիկ կամ տղա»: Այժմ տեսնենք, թե սկզբնապես ինչ է նշանակել երեխա բառը: Նախՙ բառը գրվել եւ հնչել է երախա եւ, որքան էլ զարմանալի է, նշանակել է «անկնունք, քրիստոնեական մկրտություն չստացած, չմկրտված անձ»: Երախայությունը, այսինքնՙ անկնունք լինելը, կապ չուներ տարիքի հետ. կային չափահաս երախաներ, որոնց մկրտությունը կատարվում էր չափահասության ժամանակ: Այսինքնՙ կարող էր լինել վաթսունն անց երախաՙ դեռեւս չմկրտված մարդ: Հնում ունեինք երախայացուցանել բառը, որը նշանակում էր «մկրտել»: Հետագայում, երբ սովորություն դարձավ մկրտությունը կատարել մանուկ ժամանակ, երախա (երեխա) բառն էլ ստացավ իր «մանկիկ, նորածին» նշանակությունը: Սրանից էլ առաջացան «երեխայամիտ», «տղայամիտ» նշանակությունները, այսինքնՙ «երեխայի պես մտածող, մանկամիտ, անփորձ, միամիտ»: Այժմ երախա բառը գրվում եւ արտասանվում է երեխա , երկրորդ ձայնավորը նմանեցվել է առաջինին, չնայած մի շարք բարբառներում պահպանվել է արտասանության երախա ձեւը: Որոշ մեկնիչներ ուզում են բառի ծագումը կապել երախ բառի հետ: Այսինքնՙ «կաթնկեր, որ չունի բերան խոսելու համար»: Հր. Աճառյանը մերժում է դա եւ համարում փոխառություն ասորերենից: Սա ավելի հավանական է թվում, որովհետեւ մինչեւ գրերի գյուտը քրիստոնեական ծիսակարգը կատարվում էր ասորերեն կամ հունարեն: Այնուամենայնիվ, երախան երեխա է, եւ կարեւորը բառի ծագումը չէ, այլ բուն նշանակությունը: Կարեւորը այսօր այն է, որ Հայաստանում ծնվեն շատ երեխաներ եւ ստանան հայեցի կրթություն ու դաստիարակություն, որ պաշտոնյաները երեխայամիտ չլինեն, այլ լինեն երեխայասեր: |