ԶՐՈՒՅՑ 36. ԿԱՆԱՑ ՍՐԱՀ Մինչեւ վերջերս բանավեճ կար. ասել եւ գրել կանացի՞ կոշիկ, թե՞ կանանց կոշիկ: Տղամարդկանց գործը հեշտ էր. ասում էինք եւ ասում ենքՙ տղամարդու կոշիկ եւ վերջ: Ոչ մեկի մտքով չի անցնում ասելՙ տղամարդկային կոշիկ, ինչպես ասում ենքՙ կանացի կոշիկ: Այժմ ոչ միայն ցուցանակների վրա, այլեւ զանազան հրապարակումներում, բանավոր եւ գրավոր խոսքում մի մասն ասում է կանացի, մյուս մասըՙ կանանց: Օրինակՙ կանացի սրահ - կանանց սրահ, կանացի գուլպա - կանանց գուլպա : Մեր կարծիքովՙ հարցը կարելի է լուծել այլ կերպ: Նախ տեսնենք, թե ինչպես է առաջացել կանանց բառը: Հայտնի է, որ գրաբարում այր բառի հոգնակի սեռականն է արանց : Իսկ կին բառի հոգնակի սեռականն է կանաց : Բայց հետագայում արանց բառի նմանությամբ, արանց եւ կանաց դարձվածի հաճախակի գործածությունը պատճառ է դարձել, որ կանաց ձեւը դառնա կանանց : Այսօր, եթե վերականգնենք չհնչյունափոխված կանաց ձեւը, կարծում ենք, ամեն ինչ տեղը կընկնի. կասենք եւ կգրենքՙ կանաց կոշիկ, կանաց հագուստ, կանաց սրահ : Չնայած ժամանակակից բառարաններում կանացի բառի համար տրվում է նաեւ «կանանց եւ աղջիկների համար պիտանի, նրանց համար նախատեսված» նշանակությունը: Այս իմաստով կիրառությունը շփոթ է առաջացնում, քանի որ կանացի բառի հիմնական իմաստն է «կնոջը հատուկ, իգական»: Այնպես որ, եկեք ասենքՙ կանաց հիվանդություններ եւ ոչՙ կանացի հիվանդություններ , կանաց թուլություններ եւ ոչՙ կանանց կամ կանացի թուլություններ : |