ԶՐՈՒՅՑ 21. Ի՞ՆՉ Է ԱՆՈՒՆԴ. ՆԱՆԵ՞ ՆԱՆԵՆ իմաստության եւ ողջախոհության աստվածուհին է հայոց դիցարանում: Ամենայն աստվածների հայ րԱրամազդի դուստրը. այսպես է բնորոշում Նանեին Ագաթանգեղոսը: Այս անունով հույները ունեին մի հավերժահարս, սկանդինավյան ազգերն էլ ունեն Նաննա անունով դիցուհի: Նանեն, կամ Նանան, կամ Նինեն, որպես աստվածների մայր, ծանոթ էր նաեւ ասիացի այլ ազգերի, որոնց լեզվով այս անունը նշանակում է «մայր» կամ «տատ»: Հիշատակվում են նաեւ շումերական Նիննի, ասորական Նանա կամ Նինա աստվածուհիները: Ըստ Հ. Աճառյանիՙ Նանան լատիներեն nonna «մայր իմ, մայրիկ» բառից է: Նանե անունով նշանավոր էր Իվանեի եւ Զաքարեի քույրըՙ Աբաս թագավորի կինը, որն իր վաղամեռիկ ամուսնու հիշատակին Ձորագետի վրա կառուցում է (1192 թվականին) մի հոյակապ կամուրջ, Հովհաննավանքի պարիսպը, բազմաթիվ խաչքարերՙ սրտառուչ մակագրություններով: Հիանալի է, որ այս անունը այժմ նորից սկսել է տարածվել հայերի մեջՙ դուրս մղելով զանազան Սվետաների, Կատյաների, Կլարաների, Ժենյաների եւ այլն: |