RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ


Տեղադրվել է` 2012-08-15 13:15:00 (GMT +04:00)

ԶՐՈՒՅՑ 117. ԵՐԵԿ ԵՐԵԿՈՅԱՆ

Այսօր բոլորս գիտենք, որ երեկ բառը նշանակում է «այսօրվան նախորդած օրը», իսկ երեկո բառը նշանակում է «մութն ընկնելու ժամանակը, օրվա վերջին մասըՙ արեւամուտից մինչեւ կեսգիշերը»:Ի՞նչն է զարմանալին երեկ բառի մեջ: Զարմանալին այն է, որ դասական ուղղագրությամբ մենք ունենք երկու բառՙ երեկ եւ երէկ : Երեկ նշանակել է «երեկո, իրիկուն», իսկ երէկ ՙ «երեկվա օրը»: Ըստ Հր. Աճառյանիՙ այս երկու բառերը նույնն են: Այսօր մենք չենք գիտակցում բառամիջի ե -ի եւ է -ի հնչյունական տարբերությունը եւ ունենք մեկ բառՙ երեկ : Մյուս օրըՙ առավոտյան կամ ցերեկը, անցած իրիկունը, անցած երեկո տեղի ունեցած դեպքերը նկարագրելիս մարդիկ ասել ենՙ երեկ այս բանը եղավ, երեկ այն բանը եղավ, եւ երեկ բառը սկսել է նշանակել «այսօրվան նախորդած օրը», իսկ «մութն ընկնելու ժամանակը» իմաստի համար գործածվել է երեկո բառը:

Այսպես է նաեւ ռուսերենում. вечер (երեկո) եւ вчера (երեկ): Երեկ բառից է մեր ցերեկ բառը, որ նշանակում է «առավոտից մինչեւ երեկո եղած մասը», ինչպես որ ցայգ բառը նշանակում է «գիշերվանից մինչեւ առավոտ, մինչեւ այգ»:

Երեկ բառը բարբառներում ստացել է իրիկուն, իրիգուն, հիրիկուն, իյիգուն եւ այլ ձեւեր: Բարի երեկո արտահայտության փոխարեն կրճատ ասում են բարիրգուն, բարիգուն , ինչպես որ բարի լույս -ի փոխարեն ասում են բարլույս, բարլուս :

Ցավալի է, որ վերջերս շատ հեռուստառադիոընկերություններ բարի լույս -ի փոխարեն ասում են բարի առավոտ : Հայերս լույսն ենք համարում բարի, ինչպես որ Աստված լույսը համարեց բարի: Մեծ խորհուրդ կա դրա մեջ եւ չարժե բարի լույս -ը փոխարինել բարի առավոտ -ովՙ ընդամենը տուրք տալով օտարամոլությանը: Ռուսը, հային նայելով, երբեք չի ասի добрий свет: Իսկ մենք, աչք տալով նրան, ասում ենք բարի առավոտ :

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ