ԶՐՈՒՅՑ 64. ԼԻՆԵՆՔ ԱՌԱՔԻՆԻ, ՊԱՐԿԵՇՏ, ԱԶՆԻՎ ԵՎ ԲԱՐԻ Այս զրույցում քննարկենք բարոյական մի քանի հասկացություններ նշանակող առաքինի, պարկեշտ, ազնիվ, բարի բառերը: Տեսնենքՙ սրանցից որոնք են օտարամուտ, որոնքՙ բնիկ հայերեն: Առաքինի բառի համար «Արմատականը» որոշակի ստուգաբանություն չի առաջարկում: Իսկ Էդ. Աղայանը նշում է, որ առաքինի բառի նախնական իմաստն է «քաջ», «կտրիճ», որից ստացվել են. կրոնական առումովՙ «բարեպաշտ», բարոյական առումովՙ «անբասիր, բարոյապես մաքուր» նշանակությունները: Արմատն է քեն , որ նշանակում է «ոխ, վրեժ, նախանձ», ինչպես նաեւՙ «հանցանքի քավության համար նշանակված գինը»: Այստեղից էլՙ ընդհանրապես «գին, արժեք», նաեւՙ «պատիվ»: Առա եւ ի ածանցներով այնուհետեւ կազմվել է առաքինի բառը: Այսինքնՙ առաքինի բառը բնիկ հայերեն բառ է, եւ արժե լինել առաքինի: Պարկեշտ բառի համար տրվում են «ժուժկալ, համեստ, ողջախոհ, մաքուր, անարատ» իմաստները: Իսկ ծագման մասին որեւէ առաջարկ չկա: Այնուամենայնիվ, պարկեշտ լինելն էլ չէր խանգարի: Ազնիվ բառի արմատն է ազն , որ նշանակում է «ազգ, ցեղ, սերունդ»: Այստեղիցՙ դյուցազն, հայկազն, արքայազն եւ այլն: Ազնիվ նշանակում է «լավ ազգից, ընտիր տեսակի, նվիրական, ազնվածնունդ, ազնվական»: Հետաքրքիր է, որ կա չազնվություն բառը, որը հիմա շատ ավելի է հարգի մարդկային հարաբերություններում: Սակայն հիշենք. ազնիվ լինելը մեծ առաքինություն է: Բարի նշանակում է «լավ, ընտիր, ոչ չար» եւ, երկրորդաբար, «բարօրություն»: Կազմված է բարք բառիցՙ ի մասնիկով: Նույն բարք բառից է բարոյական -ը: Իսկ եթե արդեն առաքինի ես, պարկեշտ ու ազնիվ, ապա բարի լինելը հեշտ է: Թեեւ բարք նշանակել է «ներքին բնածին հատկություն, բնություն, բնավորություն, վարք, սովորություն»: Այսինքնՙ բարի լինելն այնքան էլ խելքի բան չէ. պետք է սրտից գա, այսինքնՙ ի ծնե: Հետաքրքիր է բարք -ի մեկ այլ նշանակություն եւս: Այն դարձել է բար մասնիկ, որը դրվում է բառի վերջում եւ ցույց է տալիս «պես, նման»: Օրինակՙ հայկաբար «Հայկի նման», գազանաբար «գազանի նման», տիրաբար, ազնվաբար եւ այլն: Առավել ուշագրավ է, որ ի «ինչ» եւ բար «բարք, եղանակ» բառերից կազմվել է իբար բառը, այնուհետեւ շեշտն ընկել է առաջին վանկի վրա եւ ա -ն սղվել էՙ տալով մեր այսօրվա իբր բառը: Այսօր ահավոր չափերի է հասել սխալ շեշտադրությամբ խոսելը. հատկապես հեռուստահաղորդավարները շատ հաճախ են հայերենի վերջադիր շեշտը դնում բառերի առաջին կամ երկրորդ վանկերի վրա: Թվում է, թե մանրուք է, բայց տեսեք, թե այդ «մանրուքը» ինչպես է փոխել բառըՙ իբար -ը դարձրել իբր : Այնպես որ պետք է յոթ մտածել ու նոր մեկ խոսել, այն էլՙ շեշտը ճիշտ դնելով: |