RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ


Տեղադրվել է` 2012-08-15 13:15:00 (GMT +04:00)

ԶՐՈՒՅՑ 120. «ԻՆՖՈՐՄԱՑԻԱ» ՏԵՐՄԻՆԻ ԵՎ ՆՈՒՅՆ ԱՐՄԱՏՈՎ ԱՅԼ ՏԵՐՄԻՆՆԵՐԻ ՀԱՅԵՐԵՆ ՀԱՄԱՐԺԵՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ

20-րդ դարի կեսերից ինֆորմացիայի մասին գիտությունըՙ ինֆորմատիկան, մինչ այդ չտեսնված ուժեղ թափով սկսեց եւ այժմ էլ շարունակում է զարգանալ: Ինֆորմատիկայի զարգացումը բնականաբար նշանակում է նրա հասկացությունների համակարգի, դրա հետ կապված էլՙ տերմինների համակարգի զարգացում: Դժբախտաբար, մենք զգալիորեն հետ մնացինք այս բնագավառում, եւ այդպես էլ չմշակվեց ինֆորմատիկայի հայերեն տերմինների այնպիսի համակարգ, որը բավարարեր ժամանակակից պահանջներին:

Լեզվի ինստիտուտի քառահատոր բացատրական բառարանի 2-րդ հատորում (1972) ինֆորմացիա բառը հղվում է հաղորդագրություն եւ հաղորդում բառերին, որոնք բնավ պիտանի չեն ինֆորմացիա գիտական հասկացությունը նշանակելու համար: Լրատվություն, տեղեկատվություն, իրազեկում բառերի բացատրությունների մեջ նույնպես արտացոլված չէ ինֆորմացիայի գիտական ըմբռնումը: Է. Աղայանն իր բացատրական բառարանում (1974) տալիս է ինֆորմացիայի գիտական ըմբռնումն արտահայտելու կոչված, իրազեկ արմատով կազմված բառերի մի համակարգ, որը, սակայն, անընդունելի է:

«Ինֆորմատիկայի հայ-ռուսերեն համառոտ տերմինաբանական բառարանում» (1983, 44 էջ), «Ինֆորմատիկայի եւ հաշվողական տեխնիկայի հիմքունքների հայ-ռուսերեն համառոտ տերմինաբանական բառարանում» (1985, 52 էջ) եւ «Ռուս-հայերեն ինֆորմատիկայի տերմինաբանական բառարանում» (1985, 384 էջ) ինֆորմացիա տերմինը չի թարգմանվում, информирование տերմինը թարգմանվում է «իրազեկում», իսկ ինֆորմատիվություն, ինֆորմատիզացիա կարեւոր տերմիններն ընդհանրապես չկան, չկա հայերեն տեղեկատվություն տերմինը, վերջին բառարանում дезинформирование բառի դիմաց տրվում է «դեզինֆորմացիա», իսկ փակագծերում տրվում է «մոլորեցում» անհաջող տարբերակը, փոխանակ, գոնե, «ապատեղեկատվություն»:

Այսպիսովՙ ինֆորմացիա տերմինի եւ նույն արմատով կազմված այլ տերմինների հայերեն համարժեքների համակարգը, որը պետք է կազմի ինֆորմատիկայի հայերեն տերմինաբանության հիմքը, առայսօր մնում է չմշակված:

Այստեղ հիմնական դժվարությունը բուն ինֆորմացիա տերմինի հայերեն թարգմանությունն է: Եղած տարբերակներն ենՙ «տեղեկություն», «տեղեկատվություն», «լուր», «լրատվություն», «իրազեկում»: Լուր բառը տեղեկության համեմատությամբ ավելի պարզունակ է, ունի ավելի նեղ իմաստային դաշտ, ավելի շեշտված կենցաղային երանգ, ուստի լուր եւ լրատվություն բառերը պակաս պիտանի են ինֆորմացիա տերմինի թարգմանության համար: Իսկ իրազեկում բառը ոչ թե տեղեկություն բառի համեմատությամբ պակաս պիտանի է, այլ ընդհանրապես պիտանի չէ ինֆորմացիա -ի թարգմանության համար: Իրար հետ համեմատելով այս բառերի տեղեկ եւ իրազեկ արմատները (մենք այստեղ վերանում ենք տեղեկ = տեղյակ= տեղ +ի +ակ, իրազեկ = իր + ա+զեկ ստուգաբանություններից)ՙ տեսնում ենք, որ իրազեկ -ն ունի բառիմաստ, ինքնուրույն բառ է եւ նշանակում է «տեղյակ», իրազեկություն -ը նշանակում է «տեղյակություն», ոչ թե «տեղեկություն», իրազեկում -ն էլ նշանակում է «տեղեկացում», չի նշանակում եւ չի էլ կարող նշանակել «տեղեկություն», ուստի պիտանի չէ որպես ինֆորմացիա -ի համարժեքը: Մինչդեռ տեղեկ -ը ներկայումս բառիմաստ չունի, բառ չէ, եւ դա այստեղ նրա առավելությունն է: Տեղեկություն -ը չի նշանակում «տեղյակություն» (չնայած ստուգաբանորեն պետք է նշանակեր), ուստի կարող է դառնալ ինֆորմացիա -ի համարժեքը: Կարող է, բայցՙ ոչ այնքան լիարժեք համարժեք:

Այստեղ հարկ է նշել մի արտառոց իրողություն: Ինֆորմացիա բառը ռուսերենում եւ այլ օտար լեզուներում ունի երկու իմաստ. առաջինՙ հիմնական, իմաստով նշանակում է «сведение» , «տեղեկություն», իսկ երկրորդՙ ածանցյալ, իմաստովՙ «տեղեկության հաղորդում, տեղեկատվություն» (ռուսական բառարանն այս իմաստով ինֆորմացիա -ի համար գրում է. «То же, что информирование» : Տեղեկատվություն -ը հաջող կազմված բառ է երկրորդ իմաստի համար: Բայց այս բառը հետզհետե սկսեց ընկալվել որպես առհասարակ ինֆորմացիա -ի համարժեք, այսինքնՙ գործածվել այդ բառի նաեւ մյուսՙ հիմնական, իմաստով. սովորական են դարձել այնպիսի կոպիտ լեզվական սխալները, ինչպեսՙ «Այս թերթը տալիս է կեղծ տեղեկատվություն» , փոխանակ, գոնե, «տեղեկություն»: Հայերեն քառահատոր բառարանն էլ, ինչպես նշեցինք, ինֆորմացիա բառը փաստորեն թարգմանում է «հաղորդագրություն», «հաղորդում», որ նույն սխալն է: Կարծես թե ինֆորմացիա -ն բոլորովին տեղեկություն չի նշանակում, միայն տեղեկության հաղորդում է նշանակում: Սրան ավելանում է նաեւ այն հանգամանքը, որ չկա տեղեկություն գոյականից կազմված ածական ( տեղեկային բառ չունենք), որով թարգմանենք ինֆորմացիոն բառը: Արդեն այս հանգամանքները նշանակում են, որ տեղեկություն բառը չի ընկալվում եւ չի էլ կարող ծառայել որպես ինֆորմացիա -ի հիմնական իմաստն արտահայտող լիարժեք տերմին:

Բայց այստեղ կա մի ուրիշՙ ավելի նշանակալից, հանգամանք: Ժամանակի ընթացքում ինֆորմացիա հասկացությունը բարդացավ, նրա առարկայական դաշտը խիստ ընդլայնվեց, եւ նրա սահմանման հարցը խիստ դժվարացավ: Աննախադեպ աճեց ինֆորմացիայի դերը գիտության մեջ եւ հասարակական կյանքում. 21-րդ դարն արդեն կլինի ինֆորմացիայի դար, այդ դարում պատերազմները կդառնան ինֆորմացիոն պատերազմներ: Խորհրդային մեծ հանրագիտարանը գրում է. «Ինֆորմացիա - սկզբնապեսՙ տեղեկություններ (сведения), որոնք հաղորդվում են մարդկանցից մարդկանց բանավոր, գրավոր կամ այլ ձեւերով: Բայց 20-րդ դարի կեսերին, ինֆորմացիոն պայթյունից հետո, առաջ եկավ ինֆորմացիայի նկատմամբ գիտական մոտեցման անհրաժեշտություն: Դա հանգեցրեց նրան, որ այդ հասկացությունն ընդլայնվեց, սկսեց ներառել տեղեկությունների փոխանակումը ոչ միայն մարդու եւ մարդու միջեւ, այլեւ մարդու եւ ավտոմատի, ավտոմատի եւ ավտոմատի միջեւ, ազդանշանների փոխանակումը բուսական եւ կենդանական աշխարհում, ինչպես նաեւ հատկությունների փոխանցումը գեների միջոցով բջջից բջիջ, օրգանիզմից օրգանիզմ: Ինֆորմացիա հասկացությունն առայժմ մեկ-միասնական սահմանում չունի» (ԽՄՀ, հ. 10, 1972): Ուշադրություն դարձրեք, թե ինչ է գրում խորհրդային հանրագիտարանը 1972 թվականին, եւ ինչ է գրում նույն թվականին մեր բացատրական բառարանը, որն ինֆորմացիան համարում է ընդամենը հաղորդագրություն, այսինքնՙ տեղեկատվություն: Մի այլ հեղինակ էլ գրում է. «Ինֆորմացիան նյութական առարկաների եւ գործընթացների հատկությունն էՙ առաջ բերելու, փոխանցելու, պահպանելու բազմազան վիճակներ, որոնք կարող են արտացոլման տարբեր ձեւերով հաղորդվել մի օբյեկտից մյուսին եւ դրոշմվել նրա կառուցվածքում» : Ընդհանրացնելով այս հարցադրումըՙ խորհրդային ինֆորմատիկներն ինֆորմացիան դիտում էին իբրեւ ընդհանրապես մատերիայի հատկություն, իսկ ինֆորմացիայի հասկացությունըՙ որպես ընդհանուր գիտական (եւ ոչ թե մի կոնկրետ գիտության) հասկացություն: Ի վերջո, մի հեղինակ էլ հուսահատված հայտարարում է. «Ինֆորմացիան գիտության անսահմանելի հասկացություն է»:

Արդ, մենք կարո՞ղ ենք ասել. «Գեների միջոցով մի բջջից մյուսին, մի բույսից մյուսին են անցնում զանազան լուրեր (ուրախ կամ տխուր), իրազեկումներ, հաղորդագրություններ, տեղեկություններ», կամՙ «Երբ մուրճով հարվածում ենք քարին, երկուսի վրա էլ (երկուսի մասին էլ) մնում են որոշակի լուրեր, տեղեկություններ»: Տեղեկություն չի մնում, իսկ ինֆորմացիա մնում է: Պարզ է, որ այստեղ կա որոշակի լեզվական անբավարարություն:

Այս իրավիճակում մենք կարծում ենք, որ ինֆորմացիա -ի դիմաց պետք է գործածել մի նոր բառ: Այդ բառն արդեն կազմված է եւ կազմված է նույն տեղեկ արմատով եւ ույթ վերջածանցովՙ տեղեկույթ : Տեղեկույթ -ը պիտի նշանակի ոչ միայն տեղեկություն, այլեւ տեղեկության կարգի, բայց ավելի բարձր կարգի, համընդհանուր կարգի մի այլ բան, հենց այն, ինչ պետք է ժամանակակից ըմբռնմամբ ինֆորմացիան արտահայտելու համար: Տեղեկույթ -ի կիրառությունից հետո էլ տեղեկատվություն, տեղեկացում, տեղեկատու, տեղեկունակ եւ այլ բառեր կընկալվեն որպես տեղեկույթ -ից կազմված, եւ կստացվի համակարգ:

Այսպիսով ինֆորմացիա նշանակում է «1.տեղեկություն, 2. տեղեկատվություն»: Տեղեկատվություն բառը այժմ լայն կիրառում ունի: Իսկ տեղեկություն բառի փոխարեն, ինչպես արդեն ասացինք, կիրառում են լուր, իրազեկում, հաղորդագրություն եւ այլն, որոնք բնավ էլ ինֆորմացիա չեն նշանակում: Պարզապես ինֆորմացիայի տեսակներ են: Ինչպես ժամանակին կար սովորություն , այնուհետեւ առաջացավ սովորույթ, ավանդություն-ավանդույթ, բնություն-բնույթ եւ այլն: Առաջարկն է, որ տեղեկության փոխարեն այս դեպքում գործածվի տեղեկույթ , որն ավելի չեզոք բառ է, ընդգրկուն կերպով արտահայտում է ինֆորմացիա բառի բոլոր իմաստները եւ հեշտ բառածանցվում ու բառաբարդվում է:

Օգտվելով առիթիցՙ ասենք, որ այժմ ասում եւ գրում են զանգվածային լրատվության միջոցներ (ԶԼՄ) , որը ճիշտ չէ, պետք է լիներ ԶՏՄ, քանի որ ամեն մի տեղեկություն չէ, որ լուր է: Երբեմն համառոտում եւ ասում են զանգվածային լրատվամիջոցներ , որն արդեն կոպիտ սխալ է, քանի որ զանգվածայինը ոչ թե միջոցներն են, այլ տեղեկույթը, տեղեկությունը: Այնպես որ, ճիշտ կլինի ասել զանգվածային տեղեկատվության միջոցներՙ ԶՏՄ :

Այժմՙ տեղեկույթ բառի վերաբերյալ ՀԲԽ-ի նախագիծըՙ ներկայացված Վլադիմիր Բաղդասարյանի եւ իմ կողմից:

информация 1. տեղեկույթ (տեղեկությունը գիտության համակարգում), 2. տեղեկատվություն (տեղեկույթի հաղորդում)

информационный 1. տեղեկութային, տեղեկային (օր.ՙ տեղեկութային տեխնիկա, պատերազմ, լեզու), 2. տեղեկատվական (օր.ՙ տեղեկատվական ծառայություն), 3. տեղեկատու (օր.ՙ տեղեկատու բյուլետեն)

средства массовой информация զանգվածային տեղեկատվության միջոցներ (ոչ թե զանգվածային լրատվության միջոցներ)

информировать տեղեկացնել

информирование 1. տեղեկացում, տեղեկատվություն (նույնն է информация ),

информированный 1. տեղյակ, 2.տեղեկացված

информативный տեղեկունակ

информативнисть տեղեկունակություն (օր.ՙ տեքստի տեղեկունակություն)

информатизировать տեղեկութավորել, տեղեկավորել

информатизация տեղեկութավորում, տեղեկավորում (օր.ՙ հասարակության տեղեկութավորում, երբ հասարակությունը հիմնավորապես ապահովվում է տեղեկույթով եւ տեղեկութային միջոցներով)

информатика տեղեկագիտություն

информатический տեղեկագիտական

информатик տեղեկագետ

дезинформация 1. ապատեղեկույթ, 2. ապատեղեկատվություն, 3. ապատեղեկացում

дезинформировать ապատեղեկացնել

дезинформирование 1. ապատեղեկատվություն նույնն է дезинформация 2) , 2. ապատեղեկացում (նույնն է дезинформация 3 )

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ