ԶՐՈՒՅՑ 19. Ի՞ՆՉ Է ԱՆՈՒՆԴ. ԱՆԱՀԻ՞Տ ԱՆԱՀԻՏ անունը ներկայացրել է իգական մի աստվածություն ինչպես իրանական, հունական ժողովուրդների մեջ, այնպես էլ Հայաստանում: Ըստ որոշ գիտնականներիՙ բուն նշանակությունն է «անբիծ, անարատ», կազմված է ան- ժխտական մասնիկից եւ ահիտա ՙ «պիղծ, կեղտոտ» բառից: Կարծիք կա, որ կազմված է ան- ժխտականով ահ բառից, այսինքնՙ «անվախ, արի»: Անահիտի անվանն ու իմաստին զուգակից է եգիպտական Նիիթ անունը, որը եւս համարվում է զգոնության, արիության, բեղմնավորության եւ նյութական առատության դիցուհի: Անահիտ անունը բխեցնում են նաեւ հնդկերեն անահուտ բառից, որ նշանակում է «արյան եռանդ, եռք»: Նշանակել է նաեւ Արուսյակ մոլորակը, փոխառել են հույներըՙ Անաիտիս (համապատասխանում է նրանց Արտեմիսին), արաբներըՙ Անըհիդ, հռոմեացիներըՙ Դիանա: Մեր մեջ հին ժամանակներում հատուկ էր միայն աստվածուհուն, իսկ վերջին շրջանում դարձավ սովորական իգական անուն, եւ մեր գեղեցկագույն անուններից մեկն է համարվում: Անահիտը հայոց գերագույն աստծուՙ Արամազդի դուստրն է, մայրության, զգաստության, պտղաբերության, արգասավորության աստվածուհին: Նրա մասին Տրդատ թագավորը, երբ դեռեւս քրիստոնյա չէր, Գրիգոր Լուսավորչին ասում էր, որ նա Անահիտ մեծն տիկինն է, մեր ազգի փառքը եւ կեցուցիչը, բոլոր թագավորներն են նրան պատվում, նա է մայրը ամենայն զգաստությունների, բոլոր մարդկանց բարերարը, Մեծն Անահիտն է, որով կա եւ գոյություն ունի Հայոց երկիրը: Անահիտի պաշտամունքը Հայաստանում առաջացել է անհիշելի ժամանակներից եւ սերտորեն առնչվում է մայրության պաշտամունքին: Ըստ որոշ դիցագետներիՙ տարբեր ժողովուրդների մեջ տարածված բոլոր Անահիտների նախատիպը հին հայոց Անահիտն է: Անահիտի գլխավոր սրբատեղին եղել է Բարձր Հայքի Եկեղյաց գավառի Երիզա ավանում, որի համար էլ գավառը կոչվել է Անահտական: Քրիստոնեության տարածման շրջանում ավերվել են Անահիտի տաճարները: Նավասարդ ամսվա 15-ի մեծ տոնական օրը ուխտավորները, Անահիտի կուռքը վերցնելով, թափորակերպ պտտվում էին մեհյանի շուրջը: Աշխարհիկ հանդիսություններ ու պարեր էին կատարվում, կերուխումից հետո լինում էին հեթանոսական անկարգություններ: Եվ, ըստ Ստրաբոնի, ազնվականները մինչեւ իսկ իրենց դուստրերի կուսությունն էին նվիրում Անահիտի պաշտամունքասերներինՙ սա համարելով սրբազան արարողություն: «Այլ երկրներում Անահիտի ունեցած մեծ պաշտամունքն էլ հիշելը մեզ համար ավելորդ է: Բայց չենք կարող զանց առնել Ս. գրքի նշանավոր հիշատակությունըՙ ի վկայություն Եփեսոսի աշխարհահռչակ տաճարի, որի համար մանր մեհյաններ շինող մի արծաթագործ, վախենալով, որ Պողոս առաքյալի քարոզությամբ իր արվեստը կխափանվի, ժողովրդին գրգռեց նրա դեմ, եւ ամբողջ քաղաքը ոտքի ելավ: Քաղաքապետերից մեկը հազիվ կարողացավ հանդարտեցնել նրանց, ասելով. «Ո՞վ է ի մարդկանէ, որ ոչ գիտէ զԵփեսացւոց քաղաքնՙ մեհենազարդՙ մեծին Արտեմեայ դիցն», որին, ինչպես արծաթագործն էլ էր ասում, «ամենայն Ասիա եւ տիեզերք պաշտեն»: Այս ձայները կարող են լինել հայոց Անահիտի ջերմեռանդ պաշտամունքի արձագանքը», - Անահիտի մասին իր գրվածքն այսպես է ավարտում Ղեւոնդ Ալիշանը: Ներկայացնեմ մի ակրոստիքոս, որ նվիրել եմ Անահիտին: Ամեն գիշեր տեսլաժամին խորհրդավոր ու սիրով Նայում է քեզ քո ծննդյան աստղը հեռու երկնքից, Առկայծում է գորով ու խինդ, ու քո ամեն ժպիտից Հազար տարով երկարում է կյանքը նրա հեռավոր ... Ինչքան կարոտ ունի իր մեջՙ լույսի ճիչով քեզ պարզում, Տառապում է կրակի մեջ, փոթորկվում է հրածին, Իջնում է ցած լույսի միջով ու աչքերդ համբուրում, Նորից ելնում դեպի երկինքՙ թրթռում է քո շնչից ... |