RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ


Տեղադրվել է` 2012-08-15 13:14:59 (GMT +04:00)

ԶՐՈՒՅՑ 52. ԱՂԱՆՁԸ ԱՂԱՆԴԵ՞Ր Է

Այս զրույցը մեր բանավոր խոսքում քիչ գործածական, բայց բավականին հին եւ ընտիր երկու բառիՙ աղանդեր -ի եւ դոն -ի մասին է:

Եթե առաջին բառը քիչ թե շատ գործածվում է, ապա երկրորդը հանիրավի մոռացության է մատնվել: Նախ տեսնենք, թե ինչ է նշանակում աղանդեր բառը եւ ինչ ծագում ու պատմություն ունի: Ըստ «Արդի հայերենի բացատրական բառարանի»ՙ աղանդեր նշանակում է «ճաշից հետո մատուցվող մրգեղեն, քաղցրեղեն եւ այլն (դեսերտ)»: «Արմատական բառարանը» տալիս է նաեւ երկրորդ իմաստՙ «թեթեւ ուտելիք»: Այս բառարանում Հր. Աճառյանը չի ստուգաբանում աղանդեր բառը: Բերում է միայն աղանդ բառի հետ նրա կապի մասին մի կարծիք: Ինչպես աղանդ նշանակում է «սուտ կրոն», այնպես էլ աղանդեր ՙ «սուտ, թեթեւ, խաբուսիկ ուտելիք»:

Աղանդեր բառի շատ հետաքրքիր ստուգաբանություն է տալիս Գրիգոր Ղափանցյանը: Նա գրում է, որ աղանդեր նշանակում է «կերակրից հետո տրվող թեթեւ ուտելիքներ, չարազ»: Ըստ նրաՙ աղանդեր բառը խեթերենում էլ կա եւ նշանակում է «աղանձված հացահատիկ, աղանձ», որն, ինչպես գիտենք, մեզ մոտ մատուցվում է ճաշից հետոՙ կանեփով, չամիչով խառն: Հիշենք մեր ամանորի սեղաններն այսօր:

Իսկ աղանձ բառի մասին Հր. Աճառյանը գրում է, որ այն առաջացել է հնդեվրոպական նախալեզվի լենդ արմատից, որը նշանակել է «կերակուր պատրաստել, խորովել»: Դձ -ի փոխվելը սովորական է. օրինակՙ փոխին դ - փոխին ձ , խան դ ել - խան ձ ել եւ այլն: Ա հնչյունը ավելացել է դ հնչյունի պատճառով, լ -ն հայերեն ղ -ն է, եւ հնդեվրոպական նախալեզվի լենդ -ը դարձել է աղանձ:

Վրացիները հայերից փոխառել են ալանձվա բառը, որը նշանակում է «խարկել, բովել, կերակուրն այրել»:

Ի վերջո, անկախ ծագումից, կարեւոր է, որ այսօր այդ գեղեցիկ եւ հնամենի բառն իր տեղը գտնի ոչ միայն բառարաններում, այլեւ մեր բանավոր եւ գրավոր խոսքում, փոխարինի օտար դեսերտ բառին:

Այժմ անդրադառնանք դոն կամ դոնիկ բառին:

Տեսնենք, թե դոն -ի համար ինչ նշանակություններ են տալիս բառարանները:

Դոն - մի տեսակ հաց, պաքսիմատ (Հր. Աճառյան, «Հայերեն արմատական բառարան»):

Դոնիկ - կես կանգուն երկարությամբ եւ մի մատ հաստությամբ մի տեսակ տափակ հաց (նույնը):

Դոն - երկայնաձեւ հաց, բոքոն (Էդ. Աղայան, «Արդի հայերենի բացատրական բառարան»):

Դոն - երկայնաձեւ հաց, բոքոն (Ստ. Մալխասյանց, «Հայերեն բացատրական բառարան»):

Ինչպես նշում է Աճառյանը, հնում այս բառն օգտագործել են պաքսիմատ նշանակությամբ: Եվ դոն -ը շատ կենդանի, ժողովրդական բառ է եղել:

Հետո մի կարգին մոռացել ենք մերը եւ օտարից վերցրել օտար բառը: Ու եթե հիմա առաջարկենք պաքսիմատ -ի փոխարեն դոն ասել, շատերը կառարկեն, թե դոն -ը չունի պաքսիմատ -ի լրիվ նշանակությունը:

Որ չմոռանայինք, կունենար, որ օգտագործենք, էլի կունենա:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ