ԶՐՈՒՅՑ 72. ԽՌԻԿ ՏԱԼ Բոլորս գիտենք, որ խռիկ տալ նշանակում է «քշել, վանել, հեռացնել, վռնդել, փողոց նետել»: Իսկ ի՞նչ է այդ խռիկը , որ միանգամից այսքան բան է նշանակում: Տեսնենք, թե դրան այդ իրավունքն ով է տվել: Խռկել -ը հնդեվրոպական բառ է եւ սերտորեն առնչվում է ռուսերեն улица «փողոց» բառին։ Խռիկ տալ ոճի միաձույլ ձեւն է խռկել -ը, որ նույնպես գործածվում է Երեւանի եւ այլ բարբառներում, նույն իմաստով։ Խռկել -ը սաստկական ձեւն է խրկել բայի, իսկ խրկել -ը նույն ղրկել բառն է. հաճախ է բառասկզբի ղ -ն դառնում խ : Ղրկել -ը կրճատված է ղարկել ձեւից, որն առաջացել է ուղարկել բայից: Ուղարկել նշանակում է «ուղի արկանել», այսինքնՙ «ուղի ձգել, ուղի նետել, ուղու մեջ գցել»: Այսինքն, ուղի բառից առաջացած ուղի արկանել ոճի ընթացքն է եղել ուղարկել > ղարկել > ղրկել > խրկել > խռկել > խռիկ տալ։ Հայտնի է, որ հայերեն ուղի «ճանապարհ» բառը նույնն է ռուս. улица «փողոց» բառի հետ։ (Ռուս. улица -ն կազմված է ули արմատականիցՙ ца մասնիկի հավելումով): Ի դեպ, հուղարկավորություն բառը ժողովրդական ստուգաբանությամբ մեկնում են իբր «հող ուղարկել», որը, բնականաբար, ճիշտ չէ: Հուղարկավորություն, յուղարկաւորությիւն կամ յուղարկութիւն բառը, ինչպես արդեն կռահեցիք, նշանակում է «ի ուղի արկանել», այսինքնՙ «վերջին ուղու մեջ գցել, ճանապարհել»: Երբ միանգամից ասում ենք, թե հայերեն խռկել -ը եւ ռուսերեն улица -ն գրեթե միեւնույն բառերն են, մարդ չի ուզում հավատալ: Բայց երբ ձայնափոխությունների շարքը ճշտությամբ եւ կետ առ կետ հաստատում է նույնը, այլեւս կասկած չի մնում։ |