RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ


Տեղադրվել է` 2012-08-15 13:15:00 (GMT +04:00)

ԶՐՈՒՅՑ 77. ՍԵ՞ՔՍ, ԹԵ՞ ՏԱՐՓ

Հայերենում հիմա շատ են գործածում սեքս արմատով կազմված սեքսուալ, սեքսապաթոլոգ, սեքսուալություն եւ շատ ու շատ այլ բառեր: Մենք երբեմն հիմնովին մոռանում ենք մեր ունեցածը, վերցնում ենք օտարինը (ինչպես գույների անվանումները, մետաղների անվանումները եւ այլն):

Չէ՞ որ սա այն բառը չէր, այն հասկացությունը չէր, որ որեւէ ժողովուրդ չկոչեր իր լեզվով: Չէ՞ որ հնուց ի վեր ունենք սեքս բառին բոլոր իմաստներով համարժեք (դեռ մի բան էլ ավելին) տարփ բառը, որն, ըստ «Արմատականի», նշանակում է «սեր, ցանկություն, կրքոտ սեր, տենչանք»: Այդ բառից ունենք տարփալ «սրտով փափագել», տարփածու «սիրուհի, սիրեկան», տարփանք, սիրատարփ եւ այլ բառեր: Ներսես Շնորհալին գործածում էր գեղեցկատարփելի, ծաղկատարփակ բառերը: Բավական լավ ածանցվող, բառաբարդվող բառ է, եւ դեռեւս ոսկեդարից ունենք տարփել «խնդամտել», տարփնող «սքանչելի» եւ այլն, եւ այլն:

Ուրեմն, ինչու՞ սեքս -ի փոխարեն չասենք տարփ, սեքսուալ -իՙ տարփագրգիռ, տարփալի, տարփական, սեքսապաթոլոգ -իՙ տարփագետ, տարփաբան, տարփաբույժ , թե՞ սովետական հայտնի գործչի նման ասենք, որ սովետական երկրում սեքս չկա:

«Արդի բացատրական բառարանում» տարփ արմատով կա մոտ 50 բառ: Սեքս բառն իր բոլոր ճյուղավորումները կգտնի այնտեղ:

Սեքսոլոգիա - տարփաբանություն, սեքսուալիզմ - տարփականություն, սեքսուալություն - տարփալիություն, սեքսուալ զուգընկեր - տարփածու, սեքսով զբաղվել - տարփել եւ այլն, եւ այլն:

Ճիշտ է, սեքս -ը թարգմանվում է սեռ , եւ հնարավոր են նաեւ այսպիսի բառեր. սեքսոլոգիա - սեռաբանություն, սեքսուալիզմ - սեռականություն եւ այլն, սակայն սեռ -ը որպես դասակարգման հասկացություն ավելի ամուր է նստած գիտական գրականության մեջ եւ այսօրինակ թարգմանությունները շփոթ կառաջացնեն:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ