ԶՐՈՒՅՑ 28. ԱՆՐԱԿ Ինչքա՜ն գեղեցիկ տողեր են նվիրվել կնոջ անրակներին, ինչքա՜ն նկարագրություններ կան դրանց հմայքի վերաբերյալ: Երեւի թե ուրիշ ոչ մի ոսկոր չի արժանացել այդ բախտին, չհաշված, իհարկե, դիմոսկրերը: Այս անգամ կխոսենք անրակ բառի մասին: Նախ հիշենք բառի նշանակությունըՙ «ուսի այն ոսկրը, որը թիակը միացնում է կրծոսկրին»: Տեսնենք, թե տղամարդկանց խելքամաղ անող այդ ոսկորի անունն ինչ ծագում ունի, ինչ արմատից է առաջացել: Պարզ է, որ անրակ -ը փաղաքշական ձեւն է, իսկ արմատն է անուր -ը: Անու ր-ի համար Հր. Աճառյանը տալիս է «օղակ» նշանակությունը: Սակայն Էդ. Աղայանը, վկայակոչելով դասական շրջանի մատենագրության մեջ բառի գործածությունները, ցույց է տալիս, որ այն սովորական օղակ չէ, այլ վզին ագուցվող ծանր փայտե կամ երկաթե օղակՙ այսօրվա ռուսերեն хомут բառի իմաստով: Իսկ անուր այսօր նշանակում էՙ «1. Լծասարքի օղակաձեւ մասը, որն անց են կացնում լծկանի վիզը. 2. Նույնպիսի օղակ, որն անց էին կացնում անասունի, մարդու վիզըՙ զսպելու նպատակով. 3. Ամրացնող օղակապ»: Հիշենք մեր փականագործների ժարգոնային խամութ դնել -ը, որը նշանակում է «որեւէ խողովակի ճեղքը փակել, որեւէ բան ամրացնել օղակապովՙ անուրով»: Այնպես որ, խամութ դնել արտահայտության փոխարեն կարող ենք ասելՙ «անուր դնել, անուրել, օղակապել»: Բառը ծագում է հնդեվրոպական նախալեզվի «ուռչել» իմաստիցՙ անցնելով ուռչել - ուռուցիկ - կորաձեւ - օղ ճանապարհը: Հետաքրքիր է, որ բառի նախնական ձեւը եղել է անդուր -ը, որիցՙ անդրվար : Նախնական անդուր բառի հետ համեմատելի է ռուսերենՙ ядро «կորիզ, միջուկ» բառը: Անդրվար բառը կազմված է անդուր եւ վար «տանել, կրել» արմատներից եւ նշանակում է «կառքի կամ պատգարակի լծված կենդանի, կառք, սայլ»: Ահա թե մեզ ուր է հասցնում անրակի հմայքըՙ թե՛ որպես բառի, թե՛ որպես ոսկորի: |