ԶՐՈՒՅՑ 95. ՎՏԱՎԱԿ Այս զրույցը մի հնամենի ու գրեթե մոռացված բառի մասին է: Կխոսենք վտավակ բառի մասին։ Նախ տեսնենք, թե այդ բառի դիմաց ինչ բացատրություններ կան հայերենի բառարաններում։ Վտավակ «ներքնակ, տակից հագնելու շոր, ուսանոց»։ ( Հր. Աճառյան, «Հայերեն արմատական բառարան» )։ Վտավակ «ներքնակ, ներքին հանդերձ ընդ վերարկուաւ, պարեգօտ, պատմուճան»: ( «Նոր բառգիրք Հայկազեան լեզուի» )։ Վտավակ «զգեստ անորոշ տեսակի, տակի զգեստ, շապիկ կամ բաճկոն»։ ( Ստ. Մալխասյանց, «Հայերեն բացատրական բառարան» )։ Վտավակ «ուսերից գցվող եւ առջեւից կոճկվող անթեւ տաք զգեստ, թիկնոց»։ ( «Ժամանակակից հայոց լեզվի բացատրական բառարան» )։ Վտավակ «տակի զգեստ»։ ( Էդ. Աղայան, «Արդի հայերենի բացատրական բառարան» )։ Նախ ասենք, որ բառը, ինչպես վկայում է Հր. Աճառյանը, ավանդվել է շատ հնուց։ Եվ ինչպես երեւում է բառարաններում առկա բացատրություններից, ամենաընդհանուրը նրա «ներքին զգեստ, տակի զգեստ» իմաստն է։ Իսկ ի՞նչ ունենք մենք այդ հասկացության դիմաց այսօր։ Բառերից մեկը շապիկն է, որը նշանակում է. «1. Տղամարդու մարմնի վերեւի մասին հագնելու զգեստ, որպես սպիտակեղենի մաս, ներքնաշապիկ։ 2. Կանանց սպիտակեղենի մաս, երկար, մինչեւ ծնկները հասնող տակի զգեստ։ 3. Վերնաշապիկ»։ Մյուս բառը մայկա -ն է, որը բացատրվում է այսպես. «տրիկոտաժե անթեւ շապիկ»։ Հաջորդըՙ կոմբինացիա -ն «կանացի սպիտակեղեն, ներքնաշոր»։ (Ի դեպ, հաճախ սպիտակեղենը սպիտակ չէ)։ Քանի որ վտավակ բառը այժմ միայն բառարաններում է հանդիպում, այն էլՙ «հնացած» նշումով, ապա տրամաբանական կլինի կոմբինացիա ոչ հայերեն անճոռնի բառի փոխարեն օգտագործել ավելի կարճ, ավելի բարեհունչ եւ հայեցի վտավակ -ը: Ինձ թվում էՙ այս բառն առաջին հերթին կհավանեն կանայք եւ, առավել եւս, տղամարդիկ։ |