ԶՐՈՒՅՑ 14. ՄԻՇՏՙ ԱՎԵՏԻՍ, ԵՎ ԵՐԲԵՔՙ ԲՈԹ Ինչպես գիտենք, ավետիս, ավետիք նշանակում է «ուրախ լուր»: Արմատն է ավետ , որ գրաբարում գործածվել է իբրեւ անկախ բառ եւ նշանակել է «բարի լուր, բարեւ, ողջույն»: Ավելի հաճախ գործածվել է ավետիք ածանցյալ ձեւով եւ, իբրեւ բայՙ ավետել : Բառի ծագման վերաբերյալ կան բազմաթի վստուգաբանություններ: Կան կարծիքներ, որ բառը լծորդ է լատիներեն ave, avete «ողջ կամ ուրախ եղիր» բառին, հնդեվրոպական նախալեզվի vid «գիտենալ» արմատից է, սանսկրիտերեն av «գոչել» կամ vadami «ասել, խոսել» արմատներից է, հնդկական Վեդա -իցՙ Ավետարան եւ այլն: Դիտարկելով այդ կարծիքներըՙ Հր. Աճառյանը այդպես էլ չի ստուգաբանում բառը: Իսկ Էդ. Աղայանը համարում է, որ ավետ -ը բնիկ հայերեն բառ է եւ ծագում է հնդեվրոպական նախալեզվի aud «խոսել» արմատից: Բառը պահպանված է նա եւհունարենումՙ աւդո «փառաբանել», հին հնդկերենումՙ vadati «խոսում է, ողջունում է» նշանակություններով: Ավետիս բերողին պարգեւ են տալիս ինչպես հիմա, այնպես էլ տվել են հնում, եւ այդ պարգեւը անվանել են ավետչեայ : Ավետչեայ բառը, ձեւափոխվելով, դարձել է ավետչեայք , ապաՙ ավետչեք , բառարաններ է մտել ավետչեք ձեւով: Իսկ այսօր ավետչյա բառը շատ լավ կարող է փոխարինել մաղարիչ բառին, քանի դեռ կա այդ սովորույթը: Ասենք նաեւ, որ ավետչեք բառի վերջի չեք -ը, ինչպես կռահում եք, ոչ մի կապ չունի ռուսերենից մեզ հասած չեկ բառի հետ, որի համար արդեն գործածում են վճարագիր բառը: Իբրեւ կրոնական բառՙ պահպանվել է ավետարան եւ ավետիս ձեւերով: Գիտենք, որ Ավետարանը Աստվածաշնչի այն մասն է, որ պարունակում է Քրիստոսի վարդապետության ու նրա կյանքի պատմությունները: Ավետիս -ը, բացի ընդհանրապես «բարի լուր» նշանակելուց, նշանակում է «Ծննդյան գիշերը տնից-տուն ման գալով «Խորհուրդ մեծ» երգելը եւ տոնը շնորհավորելը». «Քրիստոս ծնավ եւ հայտնեցավ, մեզի, ձեզի մեծ ավետիս» : Ավետիս -ի հականիշն է բոթ -ը, որ նշանակում է «գույժ, վատ լուր»: Կարծիք կա, որ առաջացել է ավետ -ի աւ արմատիցՙ բ բացասականովՙ բաւթ = բօթ : Գիտենք, որ աւ -ն դառնում է օ : Սրա համար իբրեւ ապացույց կարող է ծառայել վրացերեն բավթի «բոթ» բառը, որ վրացերենը փոխառել է հայերենից: Ավետիք -ը նաեւ շատ տարածված հայերեն անձնանուն է: Հր. Աճառյանը իր «Հայոց անձնանունների բառարանում» թվարկում է Ավետիք անունով 116 նշանավոր մարդու: Օրինակ, նշանավոր է եղել Ավետիք մեքենագետը, որը, պարսպակործան մեքենա հնարելով, օգնեց խաչակիրներին, որոնք հետո «առատապես վարձատրեցին զվարպետն Աւետիք»: Ոսկան Երեւանցու եղբոր անունը նույնպես Ավետիս էր, որը 1660 թվականին Հոլանդիայում հիմնել է տպարան եւ հետո նվիրել Էջմիածնին: Ավետիք անունից են Ավետիս, Վիտիս, Վիտի, Ավիս, Ավետ, Ավո անձնանունները: Հիշենք հերոս Ավոյինՙ Մոնթե Մելքոնյանին, եւ զօղորմի տանք: Չհիշենք եւ ողորմի չտանք մարդակեր Ավիսին: Եվ վերջում ավելացնենք. թող մեր ժողովրդի կյանքում բազում լինեն ավետիսները: |