RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ


Տեղադրվել է` 2012-08-15 13:14:59 (GMT +04:00)

ԶՐՈՒՅՑ 69. ԲԱՄԲԱՍԵԼԸ ԲԱՐԲԱՐՈՍՈՒԹՅՈՒՆ Է

Մեր լեզուն ճկուն է ու բարբարոս,

Առնական է, կոպիտ, բայց միեւնույն պահին

Պայծառ է նա, որպես մշտաբորբոք փարոս,

Վառված հրով անշեջ դարերում հին:

Ե. Չարենց

Ի՞նչ է նշանակում բարբարոս բառը, որը Ե. Չարենցը օգտագործել է հայոց լեզուն բնութագրելու համար: Ըստ «Արդի հայերենի բացատրական բառարանի»ՙ բարբարոս -ն ունի մի քանի նշանակություն. «1.Հույներն ու հայերը այդպես էին կոչում օտարներին: 2.Քաղաքակրթության ստորին աստիճանի վրա գտնվող մարդ: 3.Վայրենի: 4.Կոպիտ, անտաշ, գռեհիկ»:

Եղիշե Չարենցն, ամենայն հավանականությամբ, վերջին իմաստով է կիրառել բարբարոս ածականը հայերենի համար: Եվ, իրոք, հարկ եղած դեպքում մեր լեզուն կոպիտ է, անտաշ ու գռեհիկ. «Աղքա՛տ, աղքա՛տ. քիթդ սրբի՛, էլի աղքատ եղիր», «Ցռան կովը նախրի անունը կավիրե», «Ագռավի հետ ընկերացար, կեղտը կտուցիդ պիտի լինի», «Ձենը որ ձվով լիներ, հավի ո....ը բլբուլի ձեն կհաներ», «Չունես փող, մտի հող», «Քոսոտ էծը աղբյուրի ակից է ջուր խմում» եւ այլն, եւ այլն:

Իսկ ի՞նչ ծագում ունի բարբարոս բառը:

«Արմատականը» բարբարոս -ի համար տալիս է «այլազգի, օտարազգի, վայրենի ժողովուրդ», «վայրենաբարո» նշանակությունները: Ծագել է հունարեն բարբարոս «ոչ հույն, այլազգի, օտարազգի, վայրենի» բառից: Այս անունով էին հույները որակում բոլոր այն ազգերին, որոնք հունարեն չէին խոսում, որոնց լեզուն իրենց հասկանալի չէր: Բառը հետո ստացավ «վայրենի» նշանակությունը եւ փոխառությամբ տարածվեց շատ ուրիշ լեզուների մեջ: Այսինքնՙ մենք կարող ենք կրկնակի վայրենի անվանել այն մարդուն, ով ապրում է իր հայրենիքում ու չգիտե իր մայրենի լեզուն: Գիտնականների մի մասը պնդում է, որ բառը ծագել է սանսկրիտերենի կակազել բառից, մի մասըՙ հայերենի բարբառ բառից, որից էլ փոխառել է հունարենը, իսկ հունարենիցՙ այլ լեզուները: Եթե նկատի ունենանք, որ բարբարոս -ի նախնական իմաստը եղել է «այլ լեզվով խոսել», ապա հայերենից փոխառություն լինելն ավելի նախնական է թվում: Իսկ բարբառ -ը հայերենում նշանակել է «հնչյուն, խոսք, լեզու»: Կազմված է բառ բառիցՙ կրկնությամբ:

Իսկ ի՞նչ ծագում ունի բառ բառը: Հայերենում կա բնիկ հայերեն բալ «խոսել, ասել» բառը, որի պարզ արմատն է բա : Բալ -ի ներկայի երեք դեմքերն են բամ, բաս, բայ , այսինքնՙ «ասում եմ, ասում ես, ասում է»: Բա արմատի մյուս ածանցներն են. 1. Բայ «խոսք, մարդկային բան»: Հետաքրքիր է խաբեբա(յ) բառը, որը նշանակում է «խաբեական բաներ ասող»: 2. Բան «խոսք»: Այս ձեւից է անբան «անխոս, անասուն, առանց բանականության» բառը: 3. Բառ «բառ, լեզու»: Եվ հենց բառ բառի կրկնությամբ էլ ստեղծվել է մեր բարբառ -ըՙ չորրորդ ձեւըՙ «հնչյուն, խոսք, լեզու» նշանակություններով:

Իսկ բամբասանք -ը ( բա արմատի հինգերորդ ձեւը) կազմված է բամ եւ բաս «ասում եմ, ասում ես» բայաձեւերից, ինչպես ասեկոսե -նՙ ասե , կոսե բայաձեւերից:

Տեսնու՞մ եք, բամբասանքը իրոք բարբարոսություն է:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ