ԶՐՈՒՅՑ 119. ԲԱՐՁՐՅԱԼ ՄԵՐ ԼԵԶՈՒՆ Հայերենում կա բառնալ բառը: «Արդի հայերենի բացատրական բառարանում» այն ներկայացվում է այսպես. Բառնալ (հին) «1. Բարձել, բեռնել: 2. Բարձրացնել: 3. Վերացնել»: Իսկ «Հայերեն արմատական բառարանում» ներկայացվում է այսպես. Բառնալ «1. Վե՛ր վերցնել, բարձրացնել: 2. Վերցնել տանել: 3. Վրան առնել, բեռնավորվել: 4. Ջնջել, մեջտեղից վերացնել»: Ինչո՞վ է ուշագրավ այս բառը: Սրանից է ամբառնալ բառը, որը նշանակում է «վեր վերցնել, վեր ելնել, բարձրանալ», ինչպես նաեւ «բարձր աստիճանի հասնել»: Իսկ եթե շատ ամբառնաս վերջին իմաստով, այսինքնՙ համբառնաս, կհասնես մինչեւ երկինք: Ամբառնալ բառից ունեցել ենք մի շատ հետաքրքրական բառՙ ամբարձի , որ նշանակել է «ասպանդակ»: Այժմ կան ամբարձիկ - դոմկրատ, ամբարձիչ - կռան բառերը: Ամբարձի բառը կարելի է գործածել ռուսերեն подножка (ոտնատեղ) բառի փոխարեն: Ասենքՙ մեքենայի ամբարձի : Բառնալ արմատի մյուս ձեւն է բարձ , որը համընկնում է հրամայական բա՛րձ ձեւի հետ: Բարձ ձեւից են բարձունք, բարձիչ, բարձիթողի, մանկաբարձ, հոգաբարձու, վերամբարձ եւ այլ բառեր: Բարձ -ից ր մասնիկով կազմվել է բարձր բառը, որիցՙ բարձրանալ, բարձրություն եւ այլն: Հոգաբարձու բառը երբեմն սխալմամբ գրում են հոգեբարձու , կարծելով, թե կազմված է հոգի + ա + բարձ կաղապարով, որտեղ ի + ա տվել է ե , եւ բառը դարձել է հոգեբարձու : Սա պարզապես սխալ է: Բառը կազմված է հոգ արմատից, որ նշանակում է «ցավ, վիշտ, մտածություն, խնամք, փույթ, հոգատարություն»: Հոգաբարձու «նշանակում է հոգսը, խնամքը իր վրա վերցնող»: Բարձել արմատն ունի «վեր վերցնել, վերցնել տանել, վրան առնել» նշանակությունները: Հոգաբարձուի, ինչպես նաեւ մանկաբարձի մեջ այդ իմաստներն են «հոգսը վերցնել, մանուկը վերցնել»: Ըստ «Արմատականի»ՙ բառնալ բառի արմատական ձեւն է բարձ : Բարձ -ից ր մասնիկով առաջացել է բարձր , բայական ձեւըՙ բարձնալ , որից, ձ -ի անկումով, բարնալ : Ըստ հայերենի ուղղագրական օրենքներիՙ ր -ն ն -ի մոտ դառնում է ռ , այստեղից էլՙ բառնալ : Գիտնականների մի մասը գլխի տակ դնելու բարձը եւս համարում է այս բարձ արմատից: Հր. Աճառյանը այդ բարձ -ը համարում է փոխառությունպարսկերենից, չնայած այն բանին, որ այդ բառը պարսկերենում չկա, այլ կա բալիշ ձեւը: |