RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ


Տեղադրվել է` 2012-08-15 13:15:00 (GMT +04:00)

ԶՐՈՒՅՑ 122. ԹԱՐԳՄԱՆԵ՞Լ, ԹԵ՞ ՉԹԱՐԳՄԱՆԵԼ, ԱՅՍ Է ԽՆԴԻՐԸ

Տարիների ընթացքում թե՛ սոցիալ-տնտեսական, թե՛ քաղաքական անբարենպաստ պայմաններում հայ ժողովուրդը չի կարողացել առավելագույնս օգտագործել լեզվաշինական իր անսպառ հնարավորությունները: Փառք Աստծու, հիմա կան պայմաններ խելամտորեն մաքրելու մեր լեզուն օտարաբանություններից, օտար ոճերից եւ օտար բառերից: Լեզվի զարգացման միտումը, պայմանականորեն ասենք, «տերմինային է», այսինքնՙ աշխարհում օրական ստեղծվում են բազմաթիվ տերմիններ գիտության ամենատարբեր բնագավառներում: Եթե մենք չդիմադրենք անխուսափելի տերմինախուժությանը մեր լեզու, ապա մի հարյուր տարի հետո շատ տարօրինակ վիճակում կհայտնվենք: Հայերենը կդառնա կենցաղային մի լեզուՙ հագեցած զանազան լեզուների շիլաշփոթ բառերով:

Ամեն օր անհրաժեշտ է լինում անվանել նորանոր իրեր, առարկաներ, երեւույթներ ու հարաբերություններ: Այս երեւույթը տեղի է ունենում միշտ: Գիր ունեցող լեզուների մեջ նոր արմատներ սովորաբար չեն ստեղծվում, բայց չէ՞ որ ստեղծվում են բազմաթիվ նորանոր բառեր: Ովքե՞ր են ստեղծում այդ բառերը, ինչպե՞ս են ստեղծվում դրանք: Յուրաքանչյուր մարդ ազատ է նոր բառ ստեղծելու մեջ: Բայց որքանո՞վ նրա ստեղծած բառը համընդհանուր ճանաչման կարժանանա, դա է խնդիրը:

19-րդ դարում հայ մտավորականներն ստեղծեցին բազմաթիվ բառեր, որոնց մի մասը մերժվեց, մի մասն ընդունվեց: Այսպես, թվում է, թե շատ հին բառ է քարափ բառը, բայց այն ստեղծվել է 1890-ական թվերին: Նույնըՙ հեծանիվ, լուցկի, բացառել, հոմանիշ, նույնանիշ եւ այլ բառերի դեպքում:

Անհատական հզոր կամքով Մանուկ Աբեղյանը ստեղծեց բազմաթիվ բառեր եւ կյանքի կոչեց: Ոչ մեկի մտքով չի անցնում, որ կերպար բառը ստեղծվել է 20-րդ դարում: Նույնըՙ ապար բառը: Աբեղյանի ստեղծած բառերի մեծ մասը մտել է հայ լեզվի գանձարանը:

Ինչպես տեսնում ենք, օտար տերմինները չթարգմանելն անհնար է, եթե չենք ուզում, որ լեզուն դառնա մասնագիտական ժարգոնների մի համախմբություն:

Ամեն օր գիտության, տեխնիկայի, մշակույթի բազմաթիվ նոր հասկացություններ են ծնվում եւ անուն ստանում օտար բառերով, որոնք այդ հասկացությունների հետ ներխուժում են մեր կյանք: Եթե չթարգմանվի, չհայացվի դրանց գոնե մի մասը, ապա լեզուն պարզապես կաղտոտվի կոնգրուենտ (համընկնելի), կոնդոմինիում (համատիրություն), քլիրինգ (չի թարգմանվել), կոմպյուտեր (համակարգիչ), միսըս (գեղեցկուհի), պոպուլիզմ (ամբոխահաճություն) եւ այլ անճոռնի, անբարեհունչ բառերով:

Երկու ծայրահեղությունՙ ամեն ինչ թարգմանել եւ ոչինչ չթարգմանել, միշտ կռվել են իրար հետ, այժմ էլ կռվում են, եւ հաղթում է ոսկե միջինը, եւ դա լավ է: Շատ անբարեհունչ բառեր, տերմիններ նորացվել են, զորօրինակՙ

կոլեգիա վարչանի

կապիլյար մազական

ֆոկուս կիզակետ

շկալա սանդղակ

տրաեկտորիա հետագիծ

մախավիկ թափանիվ

պարալելոգրամմ զուգահեռագիծ

կոնդոմինիում համատիրություն

եւ այլն, եւ այլն:

Նույնիսկ Տերյանի եւ Րաֆֆու պես մարդիկ պնդում էին, որ կարիք չկա թարգմանելու պալտո, վելոսիպեդ, գաստրոլ, փեչ, տելեֆոն, տելեգրաֆ բառերը: Բայց հիմա ոչ մեկի մտքով չի անցնում հեծանվին վելոսիպեդ ասել:

Օտար բառը ոչ միայն անբարեհունչ է, այլեւ մեզ համար հասկանալի ոչ մի տեղեկույթ չունի իր մեջ: Օրինակՙ համատիրություն բառի մեջ կոնդոմինիում տերմինի նշած հասկացության իմաստը կաՙ «միասին տիրել»: Երբ ասում ենք կոնդոմինիում , ապա հայ մարդու համար որեւէ տեղեկույթ չի պարունակում այդ բառը, իսկ երբ ասում ենք համատիրություն , ապա բառի մեջ կա հասկանալի տեղեկույթՙ «միասին տիրել», որն օգնում է պատկերացնել նշվող հասկացությունը: Կամ խիստ արմատացած մի տերմինՙ կոլեգիա , որն անընդհատ աղավաղված է արտասանվել, շփոթ առաջացրելՙ կոլեգյա, կոլեգիյա, կոլեգա եւ այլն, հիմա դրա փոխարեն ավագանի բառի համանմանությամբ ստեղծվել է վարչանի բառը: Բագաժնիկ -ի փոխարենՙ բեռնոց բառը:

Քանի որ կյանքը շատ է արագացրել իր ընթացքը, ապա օտար բառերն էլ շատ արագ են մուտք գործում մեր լեզու: Եվ մեզնից մի մասը փորձում է դրանք թարգմանել, հայացնել, մի մասը վախենում է օտար բառին եւ նրա արտահայտած իմաստին ձեռք տալ. հանկարծ մի բան չպատահի: Մի մասը զուտ քաղքենիությունից է օգտագործում օտար բառըՙ տպավորություն թողնելու, ամբոխահաճ տրամադրություն ստեղծելու համար, մի մասըՙ օգտապաշտությունից, մի մասըՙ պարզապես ծուլությունից, մի մասըՙ չհասկանալուց եւ այլն:

Կան մարդիկ, ովքեր լեզուն ուզում են հարստացնել փոխառություններով, լիովին ժխտելով թարգմանելու անհրաժեշտությունը: Եվ ստացվում է այսպիսի հայերեն.

«Հայաստանում վերջին տարիներին քլիրինգային եւ ինվեստիցիոն ոչ կոռեկտ քաղաքականության հետեւանքով էկոնոմիկայում ուժեղացավ կոռուպցիան, ստեղծելով ստագնացիոն կոնյունկտուրա, ինֆլյացիա, վալյուտային ռեսուրսների կոնվերսիա, բյուջեի դեֆիցիտ, վաուչերների ու սերտիֆիկատների դեֆլյացիա, դիվիդենտների մինիմիզացիա, կոնդոմինիումի անկիրառելիություն, էքսպերտների եւ էքսպերտիզայի անտեսում, բորսաների ու բիրժաների լիկվիդայնության էնտրոպիա, էկոնոմիկայի դիվերսիֆիկացիոն լեգիտիմ քաղաքականություն, ստվերային բիզնեսի մաքսիմիզացիա, որը նաեւ մարկետինգի եւ մենեջմենտի թույլ դրսեւորման հետեւանք է, անհարիր մեր ռեյտինգին եւ իմիջին, առավել եւսՙ մենթալիտետին»:

Կան մարդիկ, ովքեր ուզում են ամեն գնով թարգմանել յուրաքանչյուր բառՙ հասնելով ծայրահեղության եւ ընկնելով ծիծաղելի վիճակի մեջ: Եվ ստացվում է այսպիսի հայերեն. «Օրիորդապնդիչը հագավ պոչազգեստը, վերցրեց մի շիշ փրփրագմփիկ եւ, պոզահանրակառք նստելով, հասավ դրամատան մոտ գտնվող իր տունը: Տանը նրան սպասում էր կինըՙ փեշի երկար գրգռաճեղքով ու մազագանգրափաթաթանները գլխին: «Ի՞նչ կա ուտելու», - հարցրեց ամուսինը: «Կլորախմորաերկարածակերով փլավ», - պատասխանեց կինը:

Այնպես որ, եկեք քարը փեշներիցս թափենք եւ ծայրահեղությունների մեջ չընկնենք: Չնայած այդ ծայրահեղությունները, ի վերջո, հավասարակշռում են միմյանց:

Կա միակ ճիշտ ճանապարհը. ամեն մի գիտական նոր հասկացության համար 1. գտնել հայերեն անվանումՙ հին բառի նորիմաստ գործածություն, 2. եթե դա չի հաջողվում, հայերենի միջոցով ստեղծել նոր անվանում, 3. եթե դա էլ չի հաջողվում, օտար անվանումը ենթարկել հայերենի հնչյունաբանական եւ բառակազմական կանոններին, 4. օտար անվանումը նույնությամբ գործածելՙ չբացառելով դրա թարգմանությունը հետագայում:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ