ԶՐՈՒՅՑ 50. ՈՐԹ ԵՎ ՎԱԶ Բոլորս գիտենք, որ խաղողի տունկը կոչվում է որթ կամ վազ : Տեսնենք, թե ինչպես են առաջացել բառերի այս իմաստները: Նախ ասենք, որ որթ -ը բնիկ հայերեն բառ է եւ ծագել է հնդեվրոպական նախալեզվի por «ծնել, ձագ բերել» իմաստից: Որթ բառը նշանակել է կովի կամ եղնիկի ձագ, իսկ նոր գրական լեզու է մտել գավառական ձեւըՙ հորթ : Արդյո՞ք կապ կա կովի հորթի եւ խաղողի որթի միջեւ: Պարզվում էՙ այո՛. խաղողի տունկ իմաստով որթ բառն առաջացել է նույն կովի ձագ որթ -իցՙ իմաստի ընդլայնմամբ: Այդպես է նաեւ երինջ բառի դեպքում, որ նշանակում է եւ՛ «երրորդ տարվա մեջ մտած էգ հորթ», եւ՛ «խաղողի երեք տարեկան մատ, որ փոխադրում են եւ տնկում»: Այսինքնՙ իմաստը տարածվել է թե՛ բուսական, թե՛ կենդանական աշխարհների վրա: Բառիմաստի զանազան փոփոխությունները պատմական օրինաչափություններ են, եւ առարկաների, երեւույթների, հատկանիշների միջեւ եղած որեւէ կարգի նմանությունը առաջ է բերում տվյալ առարկայի անվանման գործածությունՙ որեւէ կողմով դրա նմանությունն ունեցող առարկայի համար: Այսինքնՙ «ծնել, ձագ բերել» իմաստը (կովը ծնում է, ձագ է բերում) տարածվել է նաեւ խաղողի վրա. խաղողն էլ է ծնում, ձագ բերում: Դա տեսանք նաեւ երինջ բառի դեպքում: Բայց, ամենազարմանալին այն է, որ այդ նույն օրինաչափությունն է գործում նաեւ խաղողի տունկի մյուս անվանմանՙ վազ -ի դեպքում: Սա կազմված է վազել «ցատկել, դուրս ցատկել», «արագ հոսել» բայից: Այսինքնՙ խաղողի տունկն էլ է դուրս ցատկում, վազում, արագ հոսում: Սակայն ամենահետաքրքրականն այն է, որ այդպիսի օրինաչափություն կա նաեւ այլ լեզուներում: Օրինակ, ռուսերենում побег (փախուստ) նշանակում է «նաեւ գլխավոր արմատի կողքից ծլած երկրորդական ճյուղ, ընձյուղ»: Իսկ դա էլ, իր հերթին, առաջացել է бегать (վազել) բառից: Ասենք նաեւ, որ վրացիները մեզանից են վերցրել վազի բառըՙ «խաղողի որթ» նշանակությամբ: Վերջում ավելացնենք, որ նախալեզվի por արմատից է նաեւ որդի բառը: Սիրելի՛ ընթերցող, այս զրույցով եւս ծանոթացանք լեզվական մի հետաքրքիր իրողության, իմացանք, որ որդի, որթ, հորթ բառերը նույն ծագումն ունեն, իսկ խաղողի վազ -ը վազել բայից է: |